Կիևում Ցեղասպանության հանցագործության զոհերի հիշատակի հուշ-ձեռնարկ է կայացել
Դեկտեմբերի 9-ին Ուկրաինայի մայրաքաղաքի հայկական խաչքարի մոտ առաջին անգամ կայացել է հուշ-ձեռնարկ՝ նվիրված Ցեղասպանության հանցագործության զոհերի հիշատակի ու արժանապատվության և այդ հանցագործության կանխարգելման միջազգային օրվան։ Այս օրն այդպիսին է հռչակվել ՄԱԿ-ի կողմից 2015 թվականին՝ Հայաստանի Հանրապետության նախաձեռնությամբ։
1948 թվականին՝ նույն օրը, իրավագետ Ռաֆայել Լեմկինի ջանքերով, որը նաև «ցեղասպանություն» եզրույթի հեղինակն է, ընդունվել է «Ցեղասպանության հանցագործությունը կանխելու և դրա համար պատժի մասին» ՄԱԿ-ի կոնվենցիան:
Ինչպես հայտնում է AnalitikaUA.net-ը, հուշ-ձեռնարկը տերունական աղոթքով է բացել Ուկրաինայի հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Մարկոս եպիսկոպոս Հովհաննիսյանը։ Ուկրաինահայության հոգևոր առաջնորդը խոսել է նաև դեկտեմբերի 9-ի խորհրդի, դրա՝ ամբողջ աշխարհի համար մեծ նշանակության մասին։
Այնուհետև ելույթով հանդես է եկել Ուկրաինայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Սեյրանյանը, ով ներկայացրել է ՄԱԿ-ի Կոնվենցիայի ընդունման պատմությունը և նշանակությունը, որն արդիական է նաև Արցախի նկատմամբ ադրբեջանա-թուրքական ագրեսիայի համատեքստում։
Դեսպանի առաջարկով՝ ներկաները մեկ րոպե լռությամբ հարգել են Հայոց ցեղասպանության, 1988 թ․ Սպիտակի երկրաշարժի և Արցախյան երկու պատերազմներում զոհված հայորդիների և հայ ժողովրդի բարեկամների հիշատակը։
Սրբազան հայրն առաջարկել է, որպեսզի դեկտեմբերի 9-ի ձեռնարկները պարբերական դառնան։ Նա նաև շնորհակալություն է հայտնել գործարար Արայիկ Խաչատրյանին չորս տարի առաջ Կիևի կենտրոնում գեղաքանդակ խաչքարը տեղադրելու համար։
Միջոցառմանը մասնակցել են Ուկրաինայի հայերի միության փոխնախագահ Դավիթ Մկրտչյանը, մի խումբ ուկրաինահայեր և ուկրաինացի բարեկամներ։
Կարծիքներ