Հս․ Կորեան հաստատել է բալիստիկ հրթիռի փորձարկումը և բացառիկ լուսանկարներ է հրապարակել
Հյուսիսային Կորեան հաստատել է, որ կիրակի օրը միջին հեռահարության բալիստիկ հրթիռ է փորձարկել։ Ըստ Փհենյանի՝ փորձարկման ընթացքում հաստատվել են «Հվասոն-12» հրթիռի ճշգրտությունը, անվտանգությունն ու արդյունավետությունը։
BBC-ի փոխանցմամբ՝ Հյուսիսային Կորեան նաև բացառիկ լուսանկարներ է հրապարակել, որոնք ցույց են տալիս հրթիռի մեկնարկը և տիեզերքից լուսանկարված Երկիրը, որոնք արվել են հրթիռի մարտագլխիկի վրա տեղադրված տեսախցիկներով։
Ճապոնիան և Հարավային Կորեան առաջինն էին հայտնել հրթիռի արձակման մասին։ Ըստ նրանց՝ հրթիռն անցել է շուրջ 800 կմ՝ հավաքելով 2000 կմ բարձրություն և ընկել է Ճապոնական ծովը։
Սա վերջին հինգ տարիներին Փհենյանի կողմից կատարված ամենահզոր հրթիռի փորձարկումն է։ Այս փորձարկումը մտահոգություն է առաջացրել միջազգային հանրության շրջանում։ Հրթիռը կարող է անցնել հազարավոր կմ-եր՝ հարվածի տակ դնելով ԱՄՆ այնպիսի տարածքներ, ինչպիսին է Գուամը։
Միայն վերջին մեկ ամսվա ընթացքում Հյուսիսային Կորեան 7 անգամ հրթիռային փորձարկում է իրականացրել։ Այս ակտիվությունը մեծապես քննադատել են ԱՄՆ-ն, Հարավային Կորեան, Ճապոնիան և այլ երկրները։
ՄԱԿ-ն արգելել է Հյուսիսային Կորեային բալիստիկ և միջուկային զենքեր փորձարկել և խիստ պատժամիջոցներ է սահմանել Փհենյանի դեմ։ Սակայն Հյուսիսային Կորեան պարբերաբար խախտում է այս արգելքը։ Ըստ Հյուսիսային Կորեայի ղեկավար Կիմ Չեն Ինի՝ երկիրը կարիք ունի «անհաղթելի զինուժ» կառուցելու։
Կարծիքներ