Այսօր 20-րդ դարի լավագույն հայ գեղանկարիչ Արմինե Կալենցի 100 ամյակն է. լուսանկարներ
Այսօր լրանում է 20-րդ դարի հայ լավագույն կին գեղանկարիչներից մեկի՝ Հայաստանի վաստակավոր նկարիչ Արմինե Կալենցի 100 ամյակը։ Արմինե Կալենցը ծնվել է 1920 թվականին օգոստոսի 18-ին Դամասկոսում՝ Ատաբազարից ուսուցիչների՝ Սարգիս և Տիգրանուհի Պարոնյանների ընտանիքում։ 1926-35 թվականներին ուսանել է Հալեպի Հայկազյան և Սեն-Ժոզեֆ վարժարաններում և Երուսաղեմի Սբ. Թարգմանչաց վանքի վարժարանում։ 1938-39 թվականներին Բեյրութում ուսանել է իր ապագա ամուսնու՝ հայտնի գեղանկարիչ Հարություն Կալենցի արվեստանոցում։
1939 թվականին Հալեպի «Պարոն» հյուրանոցում տեղի է ունեցել իր առաջին անհատական ցուցահանդեսը։ Այնուեհետւ մասնակցել է բազմաթիվ ցուցահանդեսների Նյու-Յորքում, Հալեպում, Բեյրութում։
1946 թվականին ընտանիքի հետ հայրենադարձվել է Հայաստան։ Հետագայում դարձել է Նկարիչների միության անդամ։ 1962 թվականից ի վեր կազմակերպվել են նրա անհատական ցուցահանդեսները Երևանում, Հալեպում, Փարիզում, Մոնրեալում, Թբիլիսիում։
1991-92 թվականներին կատարել է ստեղծագործական այց ԱՄՆ, իսկ հաջորդ տարի՝ 1993 թվականին Լոս Անջելեսումմ տեղի է ունեցել նկարչուհու անհատական ցուցահանդեսը։ 1994-1996 թվականներին կատարել է երկրորդ երկարաժամկետ այցն ԱՄՆ։ 1996 թվականից ի վեր կրկին ստեղծագործել է Երևանում, որտեղ 2000 և 2004 թվականներին բացվել են նրա անհատական ցուցահանդեսները։
2000 թվականին հրապարակել է «Ներիր ինձ, Հարություն» անչափ հետաքրքիր հուշագրությունն ամուսնու՝ Հարություն Կալենցի մասին,իսկ 2004 թվականին՝ «Մտորումներ» գրքերը։ Իր մահկանացուն կնքել է 87 տարեկան հասակում՝ 2007թ նոյեմբերի 22-ին Երեւանում։
Նրա որդին հայտնի գեղանկարիչ եւ մանկավարժ Սարո Կալենցն է, իսկ թոռը՝ նույնքան հայտնի բեռլինաբնակ նկարիչ Արչի /Հարություն/ Գալենցը։ Վերջինս վառ է պահում իր հոր, մեծ հոր եւ մեծ մոր հիշատակը, բազմիցս կազմակերպել է ցուցահանդեսներ թե՛ Հայաստանում, եւ թե Գերմանիայում, ինչպես 2000 եւ 2010 թթ.՝ Երեւանում, եւ 2016-ին՝ Բեռլինում, ուր ներկայացել էր իր նկարչական ընտանիքի չորս հայտնի դեմքերին ՝ Հարություն եւ Արմինե Կալենցներին, Նիկողայոս Նիկողոսյանին եւ Մարիամ Ասլամազյանին։
Կարծիքներ