Քանի ուշ չէ, խելքի եկեք...

Քանի ուշ չէ, խելքի եկեք...

Շատերը կարծում են, որ այսօր իշխանության մեջ լինելը երանություն է: Այո, իհարկե, առավելությունները բազում են. սեր, հարգանք, ակնածանք ՝ ժողովրդի մեծամասնության կողմից: Իրականում, իշխանությունը փող չէ, իշխանությունը նյութական չէ, իշխանությունը ուժ եւ հնարավորություն է, որոշակի բաներ անելու, ինչ չես կարող անել, երբ այն չունես: Խոսքս անօրինականի մասին չէ: Ամեն ինչ խիստ օրենքի շրջանակում է, քանզի ներքին մրցակցությունն ու պայքարը թույլ չի տալիս որեւէ տեղ շեղվել: Բոլորն էլ գիտեն, որ ղեկավարն անողոք է եւ նույնիսկ սեփական հարազատին կպատժի ցանկացած սխալի դեպքում:

Կողքից թվում է, թե երիտասարդ գործիչների կենսամակարդակը բարձրաձել է, այո՝ իրենց անցյալի համեմատ գուցե եւ մեքենաներ ու բնակարաններ են ձեռք բերել, բայց այդ բնակարանները քաղաքի էլիտար թաղամասերում եւ շքեղ շենքերում չեն, այլ հնարավորինս մատչելի նորակառույցներում՝ եկամտահարկի վերադարձից օգտվելու տարբերակով: Եկեք խոստովանենք, որ ալան-թալանով զբաղվող գործիչները դժվար թե Արշակունյացի վրա Ջերմուկ գրուպի կառուցած շենքերում կամ Դալմայի հարեւանությամբ կառուցվող բազմաբնակարաններում, նույնիսկ 16 թաղամասի շենքերում կամ Ձորաղբյուրի սարի գլխին ամենամատչելի տները կգնեին, այլ կնախընտրեին Մալիբուն, Կասկադն ու Վահագանին: Այո, նրանք չունեին մեքենա, կամ ունեին ավելի վատ մեքենաներ, բայց այսօր էլ չեն վարում 100-200.000 Ամն դոլարանոց շքեղ ամենագնացներ, այլ սահմանափակվում են վարկով վերցրած Էլանտրաներով: Նրանք չեն շրջում ահ ու սարսափ սփռող թիկնապահներով: Այո, գուցե նաեւ սկսել ենտարեկան մեկ անգամ մեկնել արտասահման, բայց կրկին հարկ է նշել, որ հանգիստն էլ նրանք անց են կացնում Բաթումներում ու Եգիպտոսներում:

Իրականում, հանճարեղ խոսք կա, որ ամեն ինչ բացահայտվում է համեմատության մեջ: Երեւանում ապրած, քիչ թե շատ հիշողություն ունեցող մարդիկ կփաստեն, որ այն ժամանակվա իշխանականները եղել են բոլորիս աչքի առաջ, իրենց շքեղ տները, շքեղ մեքենաները, շքեղ շրջագայությունները եւ հղփացած պահվածքի ու բարեկամների մասին պատմությունները բազմիցս հայտնվել են մամուլի էջերում: Այս փոքր քաղաքում գրեթե անհնար է որեւէ բան թաքցնելը կամ երկար թաքցնելը:

Գուցե հեռավոր գյուղում ուսուցիչ աշխատող մարդու համար էժան շենքում գնած բնակարանը, Հյունդայի էլանտրան եւ Եգիպտոսը եւս շքեղություն թվա, բայց եկեք խոստովանենք, որ Ազգային ժողովի պատգամավորի կամ կառավարությունում միջինից բարձր պաշտոն զբաղեցնող մարդու ՕՐԻՆԱԿԱՆ եկամուտներն այնուամենայնիվ թույլ են տալիս նման «շքեղություններ»: Ինչպես նաեւ թույլ են տալիս քիչ թե շատ լավ հագնվել, խնամվել եւ այլն: Ոմանք կարող են նախանձել պաշտոնյաներին, համարել, որ նրանք արժանի չեն ունեցածին, սակայն արդյո՞ք այդ մարդիկ պատկերացնում են ատելության, թշնամանքի մթնոլորտը, որում ապրում են այսօրվա իշխանականները: Արդյո՞ք նախանձելի է լինել ժողովրդի, թեկուզ փոքր հատվածի, բայց այնուամենայնիվ անեծքի ու ատելության թիրախում: Պատկերացնու՞մ եք, որ ընդամենը երեք տարի առաջ այս նույն երիտասարդներն իրենց պատիվն ու հեղինակությունն ինչպես կպաշտպանեին, ինչպես հաշիվ կպահանջեին իրենց հասցեին հրապարակավ հայհոյանքներ տեղացող ընդդիմությունից եւ պատկերացրեք, թե որքան կաշկանդված են իրենք այսօր: Կաշկանդված են ի պաշտոնե եւ կաշկանդված են, քանզի գիտեն, որ ղեկավարը չի ների, որ՝ ասենք մարդ ծեծելու դեպքում, իրենք են պատժվելու, նույնիսկ դատվելու, անկախ նրանից, թե ինչպիսի կարմիր գծեր են հատել դիմացինները: Այսօր շատ դժվար է լինել պաշտոնյա, հատկապես տղամարդ, հատկապես՝ ինքնասիրություն, հեղինակություն ունեցող տղամարդ: Ընդդիմությունն էլ իր հերթին հասկացել է խաղի կանոնները եւ այս տհաճ պահվածքով փորձում է հեղինակազրել, փորձում է հանրությանը ցույց տալ, որ, եթե այս մարդիկ չեն կարողանում իրենց պաշտպանել, ապա ինչպես կարող են պաշտպանել մի ամբողջ երկիր:

Իհարկե, կասեք, թող թողնեն հեռանան, բայց ինչո՞ւ պիտի հեռանան մարդիկ, որոնք հավատում են իրենց գաղափարներին, որոնք գիտեն, որ ազնիվ են, այո, գուցե շատ անգամ գիտելիքի եւ փորձի պակաս ունեն, բայց իրենց մղումներում իսկապես ազնիվ են: Հավատում են, որ իրենց գործն արդար է, իրենց ղեկավարը երկրի համար սրտացավ:

Նյարդերի շատ ծանր խաղ է գնում: Ես չգիտեմ, թե ով առաջինը կպոռթկա, թե ինչով այս ամենը կավարտվի, բայց մթնոլորտի այսչափ լարումը կարող է հանգեցնել անդառնալի ողբերգության, ընդհուպ մինչեւ քաղաքացիական պատերազմի: Եվ, եթե իշխանականներն այդքանը հասկանում են եւ իրենց դեռ զսպում են, ընդդիմադիրներն ակնհայտորեն «վա-բանկ» են խաղում: Ես բացարձակ անկողմնակալ մարդ եմ, տեսնում եմ երկու կողմերի խնդիրները, գիտեմ բոլոր թերություններն ու առավելությունները: Ես պարզապես համակերպվել եմ այն մտքի հետ, որ մենք ապրում ենք երկու զուգահեռ իրականություններում, որտեղ ընդդիմադիրներն իսկապես հավատում են իրենց մղումների ազնվությանը, հավատում են, որ երկիր են փրկում, իսկ իշխանականները հավատում են, որ նրանք արդեն իսկ փրկել են երկիրը, փրկել են այդ նույն նախկիններից, փրկել են կոռուպցիայից, անօրենությունից եւ ամեն գնով պիտի թույլ չտան վերադարձ արատավոր անցյալին: Բայց ինչ կարող է անել այս իրավիճակում շարքային քաղաքացին, մարդը, ով ուզում է պարզապես հանգիստ ապրել, ապրել իր հայրենիքում, այլ ոչ օտարության մեջ, ապրել համերաշխության, այլ ոչ թշնամանքի մեջ: Չէ, չասեք, թե նոր մարդիկ պիտի հայտնվեն, պիտի ծնվեն, պիտի մտնեն քաղաքականություն, ամեն մարդ չի, որ պիտի զբաղվի քաղաքականությամբ, երբեք էլ չեն լինելու իդեալական պաշտոնյաներ, եւ ես հավատում եմ, որ խնդիրն այսօրվա քաղաքական գործիչների մեջ չէ, խնդիրն առաջնահերթույթությունների մեջ է, խնդիրը նրանց վախերի մեջ է, երկու կողմերի վախերի: Հները վախենում են կորցնել իրենց ունեցածը, վախենում են դատապարտվել, գուցե նաեւ մնալ քաղաքական լուսանցքում: Նորերը վախենում են սխալվել, վախենում են հաշտվել, որովհետեւ վստահ չեն, որ իրենց չեն խաբի, ծուղակը չեն գցի: Այս ամենի արանքում տուժում է երկիրը, տուժում ենք բոլորս: Տուժելը մեղմ է, կործանվելը՝ ծայրահեղ: Բայց իրադարձությունները զարգանում են չափից դուրս արագ, այս իրավիճակում բոլորս կարծես կորցնում ենք վերահսկողությունը եւ վերանում է Հայաստանում ապրողի մարդկային անդորրը: Մարդիկ վախենում են անշարժ գույք գնել, վախենում են նոր գործ սկսել, վախենում են ներդրում անել, վախենում են երկարատեւ ծրագրեր կազմել:

Այսօր աչքովս մի գրառում ընկավ, վերջերս հայրենադարձ եղած մի պարկեշտ տղա գրել էր. «Նենց եմ ամաչում, երբ տեսնում եմ, թե ոնց են հայերն իրար ուտում»: Ուզում եմ ասել որ իսկապես ամոթալի է: Ոչ մի քաղաքականություն, ոչ մի պաշտոն չարժի, որ հայը հային այսպես ատի: Պատմականորեն մենք երբեք թշնամիների պակաս չենք ունեցել, բայց մեծագույն ողբերգություն է, որ այսօր թշնամին դրսում չէ, այլ հենց մեր տանը: Անզորությունը հուսահատեցնում է:

Քանի ուշ չէ, խելքի եկեք...

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում