«Հայաստանի հյուրանոցների ասոցիացիա» ՀԿ-ն բաց նամակ է հղել վարչապետ Փաշինյանին

«Հայաստանի հյուրանոցների ասոցիացիա» ՀԿ-ն բաց նամակ է հղել վարչապետ Փաշինյանին

«Հայաստանի հյուրանոցների ասոցիացիա» ՀԿ-ն բաց նամակ է հղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին:

Նամակում, մասնավորապես, ասված է.

«Հարգելի պարոն Վարչապետ,

Ինչպես հայտնի է, 2020թ․ սեպտեմբերի 11-ից Հայաստանի Հանրապետությունում սահմանվեց կարանտին։ Նոր որոշման համաձայն հաստատվեցին կորոնավիրուսի կանխարգելման նոր միջոցառումներ Հայաստան մուտք գործող անձանց համար։

Ցավոք սրտի, սահմանված նոր կանոնների և ընթացակարգերի մասին համապարփակ տեղեկատվությունը բացակայում է։ Մեկ հարթակում մեկ միասնական տեղեկատվության առկայությունը տարբեր օտար լեզուներով մեծապես կհեշտացներ Հայաստանի և հատկապես Երևանի հյուրանոցների՝ օտարեկրյա զբոսաշրջիկներ ներգրավելու գործը և դրանով իսկ ապահովել զբաղվածություն ավարտին մոտեցող  տուրիստական սեզոնում։

Մինչդեռ հակառակը, պաշտոնական լրատվամիջոցներով շրջանառվում են տեղեկություններ, որոնք ոչ միայն խոչընդոտում են տուրիստների հոսքը Հայաստան, այլև չեն համապատասխանում իրականությանը։

Արդյունքում Հայաստանի պոտենցիալ այցելուները, տեղեկատվական հակասություններից ելնելով, գերադասում են չեղարկել իրենց արդեն իսկ ամրագրված այցելությունները։ Մեզ անդամակցող հյուրանոցները արդեն ստացել են բազում նամակներ, որոնք հաստատում են այն ենթադրությունները, որ զբոսաշրջիկների չեղարկման որոշումները միանշանակ պայմանավորված են տարբեր պետական պատկան մարմիններից ստացվող իրարամերժ տեղեկությունների առկայությամբ։

Մասնավորապես կուզեինք մատնանշել Հանրային հեռուստատեսությամբ շրջանառվող ինֆորմացիոն հոլովակը, որտեղ նկարագրվում են կարանտինի շրջանում գործող կանոնները։ Այդ հոլովակում նկարագրվում է, որ Հայաստանի սահմանները մուտքի համար մնում են ՓԱԿ՝ բացառությամբ հատուկ դեպքերի։ Սակայն իրականում սահմանները ԲԱՑ են բոլոր այցելուների համար։ Վերջիններս ուղղակի պարտավոր են կամ 14 օր գտնվել ինքնամեկուսացման մեջ կամ պարզապես անցնել ՊՇՌ տեստ և ժամեր անց բացական արդյունք ունենալու դեպքում դուրս գալ մեկուսացումից։

Տվյալ հոլովակը սեպտեմբերի 12-ից դրված է Հանրային հեռուստատեսության ֆեյսբուքյան կայքում և արդեն ունեցել է ավելի քան 100,000 (հարյուր հազար դիտում)։ Սա անթույլատրելի սխալ է, երբ Հայաստանի տուրիստական ոլորտը, տանելով աննկարագրելի կորուստներ, ձգտում է վերսկսել աշխատանքը, իսկ ցանկացած ապատեղեկատվություն բերում է շարունակական լայնամասշտաբ կորուստների ոլորտի և, իր հերթին, պետական բյուջեի համար։ 

Տուրզիմի ոլորտի ներկայացուցիչները բազմիցս դիմել են պատկան մարմիններին խնդրանքով ստեղծելու մեկ միասնական տեղեկատվական ուղեցույց թյուրըմբռնումներից խուսափելու համար, սակայն՝ ապարդյուն։

Մենք պահանջում ենք, որպեսզի պետական պատկան մարմինները վերջապես ստեղծեն մեկ միասնական տեղեկատվություն, որը կնկարագրի այս պահի դրությամբ գործող՝ Հայաստան մուտքի կանոնները բոլոր այն օտար լեզուներով, որոնք կիրառվում են Հայաստան մուտք գործող օտարերկրացի զբոսաշրջիկների գերակշիռ մեծամասնության կողմից (անգլերեն, ռուսերեն, գերմաներեն, ֆրանսերեն, պարսկերեն, արաբերեն, և այլն), և հավաստեն, որ այդ ուղեցույցը իրենց կողմից կիրառվող միակ տեղեկատվութունն է։

Միայն այդ պարագայում մենք վստահություն կունենանք տվյալ տեղեկատվության հավաստիության մեջ և կներկայացնենք տուրիզմի ոլորտի բոլոր ներկայացուցիչներին, այդ թվում հյուրանոցներին՝ տարածելու տվյալ միասնական տեղեկատվությունը իրենց պոտենցիալ և առկա հյուրերի շրջանում։

Հարգելի պարոն վարչապետ, խնդրում ենք Ձեր հանձարարականը տվյալ հարցին հնարավորինս արագ լուծում տալու համար, քանի որ ամեն օրվա ուշացումը բերում է տնտեսական լուրջ կորուստների և ավելի է խորացնում ճգնաժամը տուրիստական ոլորտի համար»։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում