Մենք պետք է անենք ամեն ինչ, որպեսզի որևէ այլ հարևան չփորձի խախտել Հայաստանի տարածքային ամբողջականությունը. Միխայել Ռոթն այցելել է Ծիծեռնակաբերդ
Հայաստանի Հանրապետություն այցի շրջանակում Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բունդեսթագի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Միխայել Ռոթի գլխավորած պատվիրակությունը ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանի ուղեկցությամբ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:
«Մենք պետք է անենք ամեն ինչ, որպեսզի որեւէ այլ հարեւան չփորձի խախտել Հայաստանի տարածքային ամբողջականությունը եւ հայ ժողովուրդը կարողանա ապրել խաղաղ պայմաններում՝ առանց պատերազմի, բռնությունների եւ վտանգների»,- ասել է Միխայել Ռոթը:
Հյուրերը ծաղկեպսակ են դրել եւ ծաղիկներ խոնարհել Ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ:
Կարծիքներ