Սուբվենցիոն ծրագրերով Կոտայքի 33 համայնքներում ենթակառուցվածքների զարգացման աշխատանքներ են նախատեսվում
Կոտայքի մարզի 33 համայնքից շուրջ 102 ծրագրային հայտ է ներկայացվել սոցիալական և տնտեսական ենթակառուցվածքների զարգացման նպատակով պետական բյուջեից ընդհանուր առմամբ 6,4 միլիարդ դրամ սուբվենցիաներ ստանալու համար:
Այս մասին տեղեկացրեց Կոտայքի մարզպետի խորհրդական, մարզպետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պատասխանատու Քրիստինե Պողոսյանը՝ մանրամասնելով՝ այդ թվում 2,6 մլրդ դրամը` պետական բյուջեի միջոցներից, 3,7 մլրդ դրամը՝ համայնքների բյուջեներից, իսկ 100 մլն դրամը` այլ կազմակերպություններից:
«Ներկայացված բոլոր ծրագրերն ուղարկվել են ՀՀ ՏԿԵ նախարարություն, որոնք 1-ին փուլում հավանության են արժանացել»,- հայտնեց Պողոսյանը:
Ըստ ուղղությունների՝ Կոտայքի մարզի 2021 թվականի սուբվենցիայի ծրագրերից 4-ով կբարեկարգվեն ու կկառուցվեն այգիներ և պուրակներ՝ Նոր Գեղիում, Հրազդանում, Ծաղկաձորում և Նոր Հաճնում: Ներկայացվել է 2 ծրագիր՝ Արգելում և Ծաղկաձորում բազմաբնակարան շենքերի ընդհանուր բաժնային սեփականության գույքի նորոգման նպատակով: Ըստ հայտերի՝ Կոտայքի մարզում սուբվենցիոն ծրագրերով նախատեսվում են 6 բնակավայրի՝ Թեղենիքի, Պռոշյանի, Գեղաշենի, Մրգաշենի, Քանաքեռավանի և Քասախի գազաֆիկացման աշխատանքներ: Մարզի 20 համայնքներում փողոցների կառուցման, նորոգման ու ասֆալտապատման նպատակով 27 սուբվենցիոն ծրագրի հայտ է ներկայացվել: Ըստ սոբվենցիոն ծրագրերի՝ հասարակական նշանակության շենքեր կկառուցվեն, կվերանորոգվեն Կոտայքի 10 համայնքներում, իսկ, մասնավորապես, Ջրվեժում կվերակառուցվի ու կվերանորոգվի 2 մանկապարտեզ, 2 մանկապարտեզ կվերանորոգվի Հրազդանում և Աբովյանում: Կկառուցվեն ու կնորոգվեն Կոտայքի 13 բնակավայրերի փողոցային լուսավորության համակարգեր: Կոտայքի մարզի 12 համայնքներում խմելու ջրի մատակարարման, ջրահեռացման համակարգերի կառուցման ու նորոգման նպատակով ներկայացվել է 13 սուբվենցիոն ծրագիր, իսկ Եղվարդում ու Քասախում նախատեսվում են ոռոգման համակարգերի կառուցման ու նորոգման աշխատանքներ: Կոտայքի մարզից սուբվենցիոն ծրագրի հայտ է ներկայացվել նաև Գեղաշենում վերականգնվող էներգետիկայի, այդ թվում`՝ արևային ֆոտովոլտային կայանների տեղադրման համար:
Կարծիքներ