Հայ մարմնամարզիկները սկսում են պայքարն աշխարհի գավաթի երկրորդ փուլում
Հայաստանի սպորտային մարմնամարզության հավաքականը փետրվարի 22-25-ը Գերմանիայի Կոտբուս քաղաքում կմասնակցի աշխարհի գավաթի խաղարկության երկրորդ փուլին:
Հայաստանի հավաքականի կազմում ընդգրկված են Արթուր Դավթյանը, Հարություն Մերդինյանը, Վահագն Դավթյանը, Արթուր Ավետիսյանը և Գագիկ Խաչիկյանը:
Հիշեցնենք՝ ավելի վաղ հայ մարմնամարզիկները 1 ոսկե և 1 արծաթե մեդալ էին նվաճել Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում անցկացված աշխարհի գավաթի խաղարկության առաջին փուլում:
Հաղթողի կոչմանն արժանացել էր աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն, Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Արթուր Դավթյանը: Դավթյանը հավասարը չի ունեցել հենացատկի վարժությունում՝ եզրափակչում հավաքելով 14,933 միավոր:
Մարմնամարզիկ Վահագն Դավթյանն էլ Կահիրեի աշխարհի գավաթի խաղարկությունում դարձել էր արծաթե մեդալակիր: Օղակների վարժության եզրափակչում հայ մարզիկը հավաքել էր 14.500 միավոր և զբաղեցրել երկրորդ տեղը:
Աշխարհի գավաթի փուլերը վարկանիշային են Փարիզի 33-րդ ամառային Օլիմպիական խաղերի համար:
Կարծիքներ