Արտավազդ Փելեշյանը նշում է 86-ամյակը. ԿԳՄՍ նախարարը շնորհավորել է կինոյի մեծ Վարպետին
Փետրվարի 22-ը հայ և համաշխարհային կինոյի հսկաներից մեկի՝ ազգային կինոյի մեծ Վարպետ, վավերագրական կինոյի ականավոր ռեժիսոր, համաշխարհային կինոաշխարհում մեծ ազդեցություն թողած Արտավազդ Փելեշյանի 86-ամյակն է:
Փելեշյանական կինոն՝ իր հզոր գեղագիտությամբ, անկրկնելի պոետիկայով և էպիկական շնչով, վերահաստատում է գեղարվեստական պատկերի գերիշխանությունը, երբ կինոպատումը կարիք չունի հավելյալ խոսքերի, երբ կադրն է թելադրում ամեն ինչ: Նրա յուրաքանչյուր ֆիլմ հարազատ հողից ու աշխարհից ստացած կենսական լիցքերով հագեցած մի ձոն է բանական մարդուն, որում ներդաշնակվում են տիեզերական բազմաձայնությունն ու արարչագործության լույսը:
Փելեշյանն անհամեմատ ընդլայնել է կինոյի սահմանները և իրական, վավերագրական պատկերին հաղորդել մեծ կինոյի բանաստեղծական ուժը՝ իր ֆիլմերը վերածելով լիովին նոր կինոէսթետիկայի: Նա ստեղծել է բացառիկ, անկրկնելի փելեշյանական կինոաշխարհը:
Կինոյի մեծ Վարպետին մաղթում եմ անսպառ ստեղծագործական եռանդ. բոլոր այն ֆիլմերը, որոնք նա արդեն «տեսել է» իր մտքում, էկրանային կյանք ստանան ու հարատևի այն մեծ կինոտարերքը, որ Արտավազդ Փելեշյան անունն է կրում:
Կարծիքներ