Հայաստանում բացվել է պրոբացիայի շահառուների ուսուցման առաջին կենտրոնը

Հայաստանում բացվել է պրոբացիայի շահառուների ուսուցման առաջին կենտրոնը

Արդարադատության նախարարության և Եվրոպայի խորհրդի համագործակցությամբ՝ Պրոբացիայի ծառայության, «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի ջանքերով բացվել է պրոբացիայի շահառուների համար նախատեսված չունեցող «Մասնագիտական վերապատրաստման կենտրոն»՝ Արարատի մարզում:

Ինչպես տեղեկացրին ՀՀ արդարադատության նախարարությունից, բացման արարողությանը ներկա են գտնվել նախարարի պաշտոնակատար Գրիգոր Մինասյանը, փոխնախարար Արփինե Սարգսյանը, Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավար Մարտինա Շմիդտը, Պրոբացիայի ծառայության պետ Գևորգ Սիմոնյանը, «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Ձոնիկ Մարգարյանը և բարձրաստիճան այլ պաշտոնյաներ։

Գրիգոր Մինասյանն ընդգծել է կենտրոնի կարևորությունը, քանի որ այն հնարավորություն է տալու պրոբացիայի շահառուներին վերաինտեգրվել հասարակությանը, ձեռք բերել նոր մասնագիտություն և գտնել աշխատանք: «Այս նախագիծը պիլոտային է: Մենք նպատակ ունեք մյուս մարզերում ևս ունենալ նման կենտրոններ: Պրոբացիայի շահառուների հետ նախնական զրույցների ընթացքում ընտրվել են այն չորս մասնագիտությունները, որոնք այսօր պահանջված են աշխատաշուկայում»:

Ըստ աղբյուրի՝ Մինասյանը շնորհակալություն է հայտնել Հայաստանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավար Մարտինա Շմիդտին՝ այս նախաձեռնությանը մեծ աջակցություն ցուցաբերելու համար:

Նշվում է, որ Պրոբացիայի ծառայության ղեկավար Գևորգ Սիմոնյանը շրջայցի ընթացքում ներկայացրել է նոր կենտրոնը, ձեռքբերված սարքավորումները, որոնց միջոցով պրոբացիայի շահառուները հնարավորություն կունենան սովորել նոր մասնագիտություն: «Այս կենտրոնում ուսում կարող է ստանալ 30 շահառու, որոնք այնուհետև գործնականում կսկսեն կիրառել իրենց գիտելիքները»:

ՀՀ արդարադատության նախարարության տեղեկացմամբ՝ որակավորված մասնագետները կանցկացնեն դասընթացներ «Կահույքի պատրաստման հիմունքներ», «Կարի հիմունքներ», «Կոսմետոլոգիայի հմտություններ» և «Վարսահարդարման հմտություններ» թեմաներով` Եվրոպայի խորհրդի «Աջակցություն Հայաստանում պրոբացիայի ծառայության զարգացմանը» ծրագրի կողմից տրամադրված մասնագիտական գործիքներով և սարքավորումներով հագեցած լսարաններում:

Եվրոպայի խորհուրդն աջակցում է Հայաստանի Պրոբացիայի ծառայությանը Եվրոպայի խորհրդի՝ Հայաստանի համար իրականացվող գործողությունների 2019-2022թթ․ ծրագրի շրջանակներում։

«Պրոբացիայի մասին» ՀՀ օրենքին համապատասխան՝ Պրոբացիայի ծառայությունը մշակում և իրականացնում է կրթական և մասնագիտական ծրագրեր, ինչպես նաև տարբեր միջոցառումներ է ձեռնարկում զբաղվածությանը նպաստող պրոբացիայի շահառուների վերասոցիալականացման նպատակով։ Մասնագիտական ուսուցման կենտրոնի բացումը քրեական արդարադատության ոլորտում պատժիչ քաղաքականությունից վերականգնողական արդարադատության անցման Հայաստանի նոր քաղաքականության մի մասն է, որում իրավախախտների վերականգնումն ու հասարակության մեջ վերաինտեգրումը դիտվում են որպես պարտադիր բաղադրիչներ։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում