Մարզահամերգային համալիրում կհնչի Տիգրան Մանսուրյանի կինոերաժշտությունը
Սեպտեմբերի 10-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կհնչի կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի կինոերաժշտությունը։
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը կներկայացնի «Սիմֆոնիկ Մանսուրյան» համերգային ծրագիրը։ Երեկոն կղեկավարի դիրիժոր Հարություն Արզումանյանը։
«Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը 2020 թվականին ձայնագրել է Տիգրան Մանսուրյանի կինոերաժշտությունը, որը նոր գործիքավորմամբ 2019 թվականին կատարել է նաև Երևանում, Գյումրիում և Ստեփանակերտում՝ նվիրված մաեստրո Մանսուրյանի 80-ամյակին։ Ձայնագրությունը կատարվել է հեղինակավոր PARMA Recordings-ի հետ համատեղ և մոտ ապագայում թողարկվելու է»,- այս մասին տեղեկացնում են Սիմֆոնիկ նվագախմբից:
Սեպտեմբերի 10-ին հանդիսատեսը կունկնդրի «Մենք ենք, մեր սարերը», «Աշնան արև», «Գործուղում առողջարան», «Տերը», «Մեր մանկության տանգոն», «Մի կաթիլ մեղրը», «Լիրիկական երթ», «Ճերմակ անուրջներ», «Արևիկ», «Հին օրերի երգը», «Յոթ սարից այն կողմ», «Գիքոր», «Կտոր մը երկինք» ֆիլմերի և «Հացավան», «Անավարտ մենախոսություն», «Ջոն արքա» թատերական ներկայացումների մեղեդիները:
Համերգային ծրագիրը կներկայացվի տեսանյութերի և երաժշտության գեղեցիկ համադրմամբ, որը կիրականացվի նորագույն տեխնոլոգիայով։
Կարծիքներ