Մենք հաղթահարել ենք զոհ լինելու բարդույթը, մեր լինելիությունն այլևս երբեք չի դրվի հարցականի տակ. Մխիթար Հայրապետյան

Մենք հաղթահարել ենք զոհ լինելու բարդույթը, մեր լինելիությունն այլևս երբեք չի դրվի հարցականի տակ. Մխիթար Հայրապետյան

Օրվա խորհուրդը բազմաթիվ մտորումների առիթ է տալիս: Եվ դրանք ոչ այնքան պատասխաններ են՝ ուղղված պատմությանն ու աշխարհին, որքան կենսական հարցադրումներ մեր ներկայի ու գալիքի համար: Այդ մասին Ֆեյսբուքի էջում գրել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մխիթար Հայրապետյանը: 

 

«Ի՞նչ է փոխվել մեր տեսակի մեջ դար ու 6 տարի անց: Նախևառաջ, փոխվել է մեր աշխարհընկալման ողնաշարը: Մենք այն հայը չենք, որը հավատում և ոգևորվում էր այն մտքից, թե երիտթուրքերի վարած քաղաքականությունը իրավունքներ էր սահմանելու Օսմանյան կայսրության բոլոր քաղաքացիներին, նրանց մտքի ու մշակույթի թռիչքին հող էր տալու, ի վերջո, մարդակենտրոն էր լինելու: Մեր՝ աշխարհին անվերապահորեն հավատալն ու վստահելն այսօր վերափոխվել է դեպի ազգային շահերն ու անկախության, ինքնիշխանության առաջնահերթությունը:

 

Ո՞րն է պատմության մեր դասը, և որքանո՞վ ենք մենք խոհեմ ճիշտ դասեր քաղելու ճանապարհին: Արևմտյան Հայաստանը հայերից «մաքրելու»՝ Օսմանյան Թուրքիայի քաղաքականությունը մեկնարկել և իրագործվում էր դեռևս Հայոց ցեղասպանությունից շատ առաջ. հայերին կոտորել են տասնամյակներ շարունակ, փորձել են խեղդել մեր ազատագրական պայքարի ոգին, խեղճացնել մեր առաջադեմ միտքը, սեփական ինքնությունը ծաղկեցնելու երազանքը: Հետևաբար, ցանկացած ազգի «շարժիչը» կրթված, գիտելիքահեն, սեփական շահը մտքով, սրտով և ուժով պաշտպանող անհատն է, ինչն էլ, իր հերթին, նշանակում է, որ ազգային վերազարթոնքը պայմանավորված է, նախևառաջ, որակյալ կրթությամբ և այն ազգային օրակարգի առաջնահերթություն դիտարկելու կամքով:

 

Ի՞նչ հնարավորություններ մենք ունենք Հայոց ցեղասպանության հետևանքով աշխարհասփյուռ ազգ դառնալուց հետո: Եվ ուրիշ ո՞վ, եթե ոչ վանեցու և մշեցու ծոռը պետք է նման հարցեր տար ինքն իրեն։

 

Այո՛, մենք այժմ ներկա ենք աշխարհի բոլոր անկյուններում, և սա մեր պետության վահաններից մեկը պետք է լինի: Մեր հռչակած «Ուժեղ Հայաստան, ուժեղ Սփյուռք» հայեցակարգը և համահայկական ներուժը, դրա թիրախային և արդյունավետ կիրառումը, ազգային նշանակության հարցերի շուրջ համախմբումը մեզ համար առաջընթացի նոր, ավելի մարտունակ ուղիներ են բացում: Եվ այս հայեցակարգը գլոբալ ազգ-ամուր պետություն բանաձևի լիարժեք իրագործման եզակի հնարավորությունն է: Այս հարցերը, որոնք հաճախ հռետորական են, կարելի է երկար շարունակել, և դրանց պատասխանները յուրաքանչյուրս պետք է մեր մեջ գտնենք: Սակայն մեկ բան աներկբա է. մենք հաղթահարել ենք զոհ լինելու բարդույթը, մենք, այո՛, չենք հաշտվել մեր վշտի հետ, բայց և չենք պարտվել նրան, մենք այսօր կանք, մենք պահանջատեր ենք, իսկ մեր լինելիությունն այլևս երբեք չի դրվի հարցականի տակ»,- գրել է պատգամավորը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում