Մարզային շաբաթօրյակ՝ Գեղարքունիքի մարզում

Մարզային շաբաթօրյակ՝ Գեղարքունիքի մարզում

Ապրիլի 10-ին Գեղարքունիքի մարզում իրականացվել են աղբահեռացման, սանիտարական մաքրման, տարածքների բարեկարգման և աղբաթաղման աշխատանքներ:

Չնայած եղանակային ոչ բավարար պայմաններին՝ դրանք տեղի են ունեցել մարզի բոլոր քաղաքային և գյուղական բնակավայրերում, ներհամայնքային, մարզային, հանրապետական և միջպետական նշանակության ավտոճանապարհներին: 

Սանիտարական մաքրման աշխատանքներին ներգրավված են եղել բոլոր համայնքապետարանների և համայնքային ենթակայության կազմակերպությունների, մարզային ենթակայության կրթամշակութային և առողջապահական հաստատությունների, հանրապետական գործադիր մարմինների տարածքային ծառայությունների, «Սևան» Ազգային պարկի, մասնավոր ընկերությունների աշխատակիցներ, հասարակական կազմակերպությունների անդամներ, տնտեսվարող սուբյեկտներ, անհատ քաղաքացիներ:

Շաբաթօրյակի աշխատանքներին մասնակցել է շուրջ 417 կազմակերպություն, 8476 մարդ, օգտագործվել 154 միավոր տեխնիկա:

«Բնական է, որ մեկ օրվա ընթացքում կամ մեկանգամյա շաբաթօրյակով շրջակա միջավայրի մաքրության պահպանման խնդիրը չի լուծվելու, մանավանդ երբ տևական ու ուժեղ քամիներով ընթացող ձմռան ամիսներին նկատվել է մեծ ծավալի աղտոտվածություն մարզի առանձին հատվածներում, որոնց հարևանությամբ գտնվում են աղբավայրերը։ Դրա համար որոշել ենք շաբաթօրյակները դարձնել հաճախակի, միաժամանակ նաև ամենօրյա հետևողական աշխատանք տանել բոլոր այն վայրերում ու գոտիներում, որտեղ առկա են աղտոտվածության դրսևորումներ։ Առանձնակի ուշադրություն պետք է դարձնենք նաև աղբավայրերի ճիշտ ու արդյունավետ շահագործմանը, որպեսզի նվազագույնի հասցնենք աղտոտվածության ծավալները»,- ասել է Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը։

Գեղաքունիքի մարզում սանիտարական մաքրման աշխատանքներին կհաջորդի ծառատունկը, որը կկազմակերպվի ապրիլի երրորդ տասնօրյակի ընթացքում:

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում