Որոշումը դեռ ընդունված չէ. Գալջյանը՝ մարզային տրանսպորտի՝ Երևան մտնելը սահմանափակելու մասին

Որոշումը դեռ ընդունված չէ. Գալջյանը՝ մարզային տրանսպորտի՝ Երևան մտնելը սահմանափակելու մասին

Նոր ավտոբուսներ, վճարման տոմսային միասնական համակարգ, այլ փոփոխություններ։

Երևանի քաղաքապետարանի նախաձեռնած տրանսպորտային բարեփոխումները վերջին շրջանում ամենաքննարկվող և քննադատվող հարցերից մեկն է:

Արվող փոփոխություններից մեկով էլ մարզերից Երևան մտնող ավտոբուսների կայանման վերջնակետ պետք է սահմանվեն ավտոկայարանները, այսինքն՝ այդ ավտոբուսների մուտքը մայրաքաղաք կսահմանափակվի։

Երևանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում, սակայն, ասում է, որ որոշումը դեռ այս պահին ընդունված չէ:

Ըստ նրա՝ երբ ամբողջ ավտոբուսային ցանցը հարմարեցված կլինի, մարզային տրանսպորտն արդեն ոչ միայն կանգառ կանի ավտոկայանում՝ Իսակովի պողոտայում, այլ նաև Երևանի մի քանի այլ հատվածներում ևս, որտեղից բնակիչները հնարավորություն կունենան երթևեկությունը շարունակել Երևանի ներքաղաքային ավտոբուսով։

Մարզերի ավտոբուսների մուտքը Երևան այս ժամանակահատվածում չի սահմանափակվում, որպեսզի քաղաքացիների համար ֆինանսական ծանրաբեռնվածություն չլինի, ընդգծում է նա։

Այս որոշումը, ըստ Գալջյանի, միշտ է եղել, սակայն մարզային ավտոբուսները փաստացի դրան չեն հետևել, ավելին՝ «Երևան ավտոբուս» ընկերության ուղևորահոսքից էլ ուղևորներ են «խլել»:

Երևանի քաղաքապետարանը իր յուրաքանչյուր որոշման կայացման հարցում մշտապես պատրաստ է լսել քաղաքացիների ձայնը, վստահեցնում է ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավարը՝ շեշտելով՝ քաղաքացիներին չեն խաբել ու չեն խաբելու։

Արմեն Գալջյանը չի բացառում, որ գործող իշխանության ընդդիմախոսները փետրվարի 1-ին կփորձեն որոշակի ակցիաներ իրականացնել: Վերջինս, սակայն, համոզմունք է հայտնում, որ հասարակությունը հասկանում է՝ սա նոր ավտոբուսների համար համարժեք գին է. եթե 100 դրամ վճարել են գազելների համար, 150 դրամը այս շարժակազմի դեպքում տրամաբանական է։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում