Լեհաստանը տուգանել է «Գազպրոմ»-ին 50 միլիոն եվրոյի չափով
Լեհաստանի մրցակցության եւ սպառողների իրավունքների պաշտպանության գրասենյակը (UOKiK, Urząd Ochrony Konkurencji i Konsumentów) տուգանել է «Գազպրոմ»-ին 213 միլիոն զլոտիի չափով, ինչը համարժեք է 50 միլիոն եվրոյի, հայտնում են հակամենաշնորհային գերատեսչությունից:
Նման մեծ տուգանքի կիրառման պատճառը «Գազպրոմ»-ի հրաժարվելն էր UOKiK- ին տրամադրել կարգավորիչի կողմից պահանջվող տվյալներն իր դուստր ձեռնարկության` Nord Stream 2-ի կողմից «Հյուսիսային հոսք-2» գազատարի շինարարությունը ֆինանսավորող եվրոպական ընկերությունների հետ կնքած պայմանագրերի վերաբերյալ:
2019 թվականի նոյեմբերին ֆրանսիական Engie ընկերությունը տուգանվել էր 172 միլիոն զլոտիի չափով, քանի որ մերժել էր տրամադրել պահանջվող փաստաթղթերը «Հյուսիսային հոսք-2» գազատարի կառուցման նախագծին մասնակցության վերաբերյալ: Այդ ժամանակ UOKiK-ն այդ տուգանքն ամենամեծն անվանեց իր պատմության մեջ, սակայն «Գազպրոմ»-ից պահանջել են ավելի մեծ գումար վճարել:
«Չնայած UOKiK-ի նախագահի հետ համագործակցելու օրինական պարտավորությանը` ընկերությունն անհրաժեշտ տեղեկատվությունը չէր տրամադրել նույնիսկ մայիսին համագործակցության բացակայության պատճառով գործի հարուցումից հետո, ինչը պետք է որ նախազգուշական ազդանշան լիներ ընկերության համար: Իմ կարծիքով` սա կանխամտածված գործողություն էր, որի նպատակը դատաքննության ընթացքին միջամտելն էր: Այս կապակցությամբ որոշվել է տուգանք կիրառել «Գազպրոմ»-ի նկատմամբ գրեթե 213 միլիոն զլոտիի չափով: Սա օրենքով սահմանված առավելագույն պատժամիջոցն է, որը նախատեսված է UOKiK-ի նախագահի պահանջով` տեղեկատվություն չներկայացնելու համար, որը համարժեք է 50 միլիոն եվրոյի»,- ասել է UOKiK-ի ղեկավար Տոմաշ Խրուստնին:
UOKiK- ը հայտարարության մեջ նշվում է, որ «Գազպրոմ»-ը մտադրություն չունի Լեհաստանին փոխանցել գազի փոխանցման, բաշխման, վաճառքի, մատակարարման եւ պահպանման պահանջվող պայմանագրերը: Լեհական կարգավորիչը դրա ապացույց է համարում այն փաստը, որ «Գազպրոմ»-ը ամապատասխան տեղեկատվության համար չի դիմել Ռուսաստանի էներգետիկայի նախարարություն, փոխանցում է ՌԲԿ-ն:
Հակամենաշնորհային վարչությունում հիշեցրել են, որ Լեհաստանի օրենսդրությունը այլ երկրների ընկերություններին պարտավորեցնում է համագործակցել UOKiK-ի հետ, այդ թվում` տեղեկատվություն եւ փաստաթղթեր տրամադրելը, ինչպես նաեւ` ստանալ կարգավորիչի ղեկավարի համաձայնությունը «համակենտրոնացման» համար: «Գազպրոմի»-ի, Engie-ի, Uniper-ի, OMV-ի, Shell-ի եւ Wintershall-ի կողմից Nord Stream 2-ի շինարարությունը ֆինանսավորելու մասին համաձայնագրի ստորագրումը օրենքով նախատեսված կարգի խախտում է համարվում UOKiK-ում: Դրա կապակցությամբ գերատեսչության կողմից պահանջներ են ներկայացվել բոլոր վեց ընկերություններին: UOKiK-ում հավաստիացրել են, որ Uniper-ը, OMV-ն, Shell-ը եւ Wintershall-ը համագործակցում են գերատեսչության հետ, այդ թվումփոխանցում են դրանցից պահանջվող փաստաթղթերը եւ տեղեկատվությունը:
««Գազպրոմ»-ի պահվածքը, անկասկած, բարդացրել է մեր հետաքննությունը, սակայն ռուսական ընկերությանը չհաջողվեց այն արգելափակել: Մենք ունենք բավարար ապացույցներ եւ ավարտում ենք մեր վերլուծությունը: Դա նշանակում է, որ մենք ավելի ու ավելի ենք մոտենում UOKiK նախագահի համաձայնության «Հյուսիսային հոսք 2» գազատարի ֆինանսավորման համար պատասխանատու կոնսորցիումի ստեղծման գործով նախադեպային քննության ավարտին»,- ասել է Խրուստնին:
Լեհաստանի օրենսդրության համաձայն` առանց UOKiK- ի համաձայնության «համակենտրոնացման» արգելքը խախտելու համար տուգանքը կարող է կազմել տարեկան շրջանառության մինչեւ 10 տոկոսը: Բացի այդ, շուկայում մրցակցությունը վերականգնելու նպատակով UOKiK-ը կարող է որոշում կայացնել լուծարել ընկերությունը, որի նկատմամբ հակամենաշնորհային կանոնների խախտողները համատեղ վերահսկողություն են իրականացնում, կամ վաճառելհսկողություն ապահովող բաժնետոմսերը` ամբողջությամբ կամ մասնակիորեն:
Կարծիքներ