Քննարկվել են հայ-բրազիլական համագործակցության հարցեր

Քննարկվել են հայ-բրազիլական համագործակցության հարցեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Բրազիլիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ֆաբիո Վազ Պիտալուգային:

Հանդիպմանը ներկա էր նաև ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը:

Նախարարը ողջունել է դեսպանին և շնորհավորել նշանակման կապակցությամբ՝ մաղթելով արդյունավետ աշխատանք՝ ի շահ հայ-բրազիլական բարեկամական կապերի զարգացման:

Հանդիպման ընթացքում կողմերը դիտարկել են կրթության, գիտության, մշակույթի և սպորտի ոլորտներում համագործակցության ընդլայնմանն առնչվող մի շարք հարցեր:

Անդրադառնալով վերոնշյալ ոլորտներում համագործակցության ընդլայնմանը՝ նախարարը տեղեկացրել է, որ երկու երկրների համապատասխան գերատեսչությունների միջև քննարկվում են բարձրագույն կրթության, սպորտի և ֆիզիկական դաստիարակության բնագավառներում համագործակցության մասին հուշագրերը:

Ժաննա Անդրեասյանը հույս է հայտնել, որ հայ-բրազիլական համագործակցության խորացման ու ամրապնդման ուղղությամբ աշխատանքներն ավելի արդյունավետ ընթացք կստանան:

Դեսպան Ֆաբիո Վազ Պիտալուգան շնորհակալություն է հայտնել նախարարին ընդունելության համար և ընդգծել, որ երկու երկրների միջև կրթության, գիտության, մշակույթի և սպորտի ոլորտներում առկա է սերտ համագործակցության մեծ ներուժ: Դեսպանը ներկայացրել է հնարավոր համագործակցությանն առնչվող ուղղություններն ու ծրագրերը՝ կրթական փոխանակումների, բուհերում բրազիլական պորտուգալերենի ուսուցման, հայ-բրազիլական մշակութային կապերի հզորացմանն ուղղված միջոցառումների իրականացման համատեքստում:

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը հանդիպման ընթացքում դեսպանի ուշադրությունն է հրավիրել նաև Լեռնային Ղարաբաղում 44-օրյա պատերազմի հետևանքով Ադրբեջանի վերահսկողության ներքո անցած տարածքներում հայկական պատմամշակութային ժառանգության պահպանության խնդրին:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում