Գերմանիայում զգուշացրել են ուկրաինական իրադարձությունների պատճառով ավիատոմսերի գների բարձրացման մասին
Գերմանիայի ավիացիոն արդյունաբերության դաշնային ասոցիացիան նախազգուշացրել է բնակիչներին ուկրաինական իրադարձությունների լույսի ներքո, Ռուսաստանից էներգակիրների մատակարարումների էմբարգոյի պատճառով ավիատոմսի թանկացման մասին: ՏԱՍՍ֊ի հաղորդմամբ՝ այս մասին ասել է ասոցիացիայի ղեկավար Պիտեր Գերբերը երկուշաբթի օրը Funke մեդիա խմբին տված հարցազրույցում ։
Նա բացատրել է, որ ռուսական նավթի մատակարարումների դադարեցման պայմաններում գերմանական ավիացիոն արդյունաբերությունը «կկանգնի սահմանափակումների և գների բարձրացմանը»: Մասնավորապես, սպառողները, ըստ Գերբերի, պետք է պատրաստ լինեն ավիատոմսերի թանկացմանը։ «Ես ենթադրում եմ, որ թռիչքները կթանկանան, կերոսինի ինքնարժեքն աճում է, բայց ենթակառուցվածքների ծախսերը նույնպես ավելանում են»,- ընդգծեց նա։
Այնուամենայնիվ, ասոցիացիայի ղեկավարի խոսքով, Գերմանիայի ավիացիոն արդյունաբերությունը կկարողանա հաղթահարել Ռուսաստանի Դաշնությունից էներգառեսուրսների ներմուծման դադարեցման պատճառով առաջացած դժվարությունները։ Նա, մասնավորապես, նշել է, որ արդյունաբերության կողմից օգտագործվող նավթի մեծ մասն արդեն մտնում է Հյուսիսային ծովի նավահանգիստներ։ «Հետևաբար, էմբարգոն չպետք է հանգեցնի մեծ կորուստների»,- կարծում է Գերբերը։ Բացի այդ, նա վստահեցրել է, որ Վիլի Բրանդտի անվան Բեռլին-Բրանդենբուրգ օդանավակայանի ամբողջական փակումը քիչ հավանական է, բայց ոչինչ բացառել չի կարելի։
Ամփոփելով ասոցիացիայի ղեկավարն ասաց, որ չնայած ուկրաինական իրադարձություններին, ակնկալում է, որ ավիափոխադրումների մեծ պահանջարկը կշարունակվի։ «Եթե շուկան նայենք ամբողջությամբ, ապա այս պահին ճանապարհորդելու ցանկությունը չի մարում»,- եզրափակեց նա։
Կարծիքներ