Գալիս է պահ, երբ հանուն հայրենիքի պետք է զոհաբերես ինքդ քեզ, ընտանեկան խաղաղությունդ, ծնողներիդ հիշատակն անգամ. Փաշինյան
«Իշխանության խնդիրը սեփական ժողովրդին ադապտացնելն է փոփոխվող իրավիճակին, որը մենք ունենք, որովհետև դա է ապրելու և զարգանալու պայմանը: Մեր նախընտրական ծրագրում չկա կետ, որի հետևից մենք չենք գնացել»:
Այս մասին Երեկ՝ Տավուշի մարզի Բերքաբեր բնակավայրում բնակիչների հետ հանդիպման ժամանակ հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով բնակիչներից մեկի նկատառմանը, թե վարչապետի և կառավարության «վարկանիշը բավական ընկել է, կա անվստահություն»:
ՀՀ վարչապետը նշեց, որ ՀՀ կառավարությունը եթե կարողանա իրականացնել այն, ինչ մտածում է, շատ մեծ գործ կարվի.
«Մենք ստանալու ենք պետականության իրականության ինքնիշխանոթյուն, անկախություն: Գիտեք, 2026 թվականին լինելու են ընտրություններ, անցել են ժամանակները, երբ ասում էին սրան ընտրեք, նրան ընտրեք. կորոշեք, որ փոխում եք կառավարությունը, կփոխեք: Ես այսօր այդ ամենը հասկանալով, ինչ-որ իմաստով իմ անձը զոհասեղանին եմ դնում հանուն Հայաստանի Հանրապետության: Ես գիտեմ, որ էս ամենը պոպուլյար չի, եթե դա չհասկանայի՝ ի՞նչ գործ ունեի վարչապետի աթոռին: Մենք 2 աննախադեպ բան ենք արել՝ ոչ մեկը չէր հավատում ոչ մեր արած հեղափոխությանը, չէր հավատում նրան, որ 2021 թվին մենք կընտրվեինք»:
Նիկոլ Փաշինյանը հավելեց, որ քաջ գիտակցում է՝ տեղի ունեցող իրադարձությունները կարող են վատ անդրադառնալ իր հեղինակության վրա, բայց Հայաստանն իր համար ավելի կարևոր է, քան նույնիսկ անձնական արժանապատվությունը կամ հետագա քաղաքական կարիերան:
«Էս երիտասարդությունը, որ էստեղ տունէ սարքում, էդ տների դիմաց պետք է առաջնագիծ չլինի, խրամատ չլինի, հերիք է: Պետք է լինի ընդամենը սահման ու այգիներ: Սահմանին անցակետ կլինի․ կուզե՞ք կշփվեք, չեք ուզի շփվել, ոչ էլ կշփվեք։
Իմ հասցեին, իմ երեխաների, կնոջ հասցեին, ծնողներիս հասցեին ու նույնիսկ պապիս մասին ինչ ասես ասվեց, ձեզ թվում է ես արժանապատվություն չունե՞մ, չե՞մ կարող հակադարձել, ոչ, գալիս է պահ, երբ պետք է զոհաբերես ինքդ քեզ հանուն հայրենիքի: Քո հարգանքն էլ զոհաբերես, երեխաներիդ հոգեկան վիճակն էլ զոհաբերես, ընտանեկան անդորրն էլ, ծնողներիդ բարի հիշատակն էլ զոհաբերես, ես դա անում եմ, որ Հայաստանի Հանրապետությունը լինի անկախ պետություն»,-նշեց վարչապետը:
Կարծիքներ