Լավ մարզավիճակում էինք թե ֆիզիկապես, թե հոգեպես. Գոռ Մինասյան
Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց հավաքականի անդամ, Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն Գոռ Մինասյանի կարծիքով հին աշխարհամասի այս առաջնությանը թիմը պատրաստ էր թե ֆիզիկապես, թե հոգեպես:
«Եվրոպայի առաջնությունում ցույց տվեցինք այն, ինչին ամիսներ շարունակ պատրաստվել էինք մարզումների ընթացքում: Լավ մարզավիճակում էինք թե ֆիզիկապես, թե հոգեպես: Մրցահարթակը ցույց տվեց մեր պատրաստվածությունը»,-լրագրողների հետ զրույցում ասաց Եվրոպայի փոխչեմպիոնը:
Խոսելով առաջիկա անելիքների մասին՝ Մինասյանը շեշտեց, որ հստակ ոչինչ չկա, միայն ընթացիկ տարվա ավարտին կլինի աշխարհի առաջնությունը:
Եվրոպայի առաջնությունում Իզաբելլա Յայլյանը (55 կգ) երկամարտում զբաղեցրեց 4-րդ հորիզոնականը, իսկ հրում վարժությունում նվաճեց փոքր արծաթե մեդալ: 81 կգ քաշային կարգում Ռաֆիկ Հարությունյանը երկամարտի 346 կգ արդյունքով գրավեց 4-րդ տեղը, իսկ հրում վարժությունում նվաճեց փոքր բրոնզե մեդալ: 89 կգ քաշում Եվրոպայի չեմպիոն դարձավ Կարեն Ավագյանը, ով երկամարտում գրանցեց 375 կգ, ինչպես նաև արժանացավ փոքր ոսկե (պոկում) և արծաթե (հրում) մեդալների: 81 կգ քաշային կարգում Լիանա Գյուրջյանը դարձավ Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր: Գյուրջյանը պոկեց 98 կգ և հրեց 129 կգ՝ նվաճելով նաև փոքր արծաթե մեդալ: 96 կգ քաշում Հակոբ Մկրտչյանը դարձավ Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր: Նա պոկեց 160 կգ, սակայն հաջորդ երկու մոտեցումներն անհաջող էին: Հրում վարժությունում գյումրեցի մարզիկը նախ բարձրացրեց 205 կգ, այնուհետ` 212 կգ, սակայն չկարողացավ 215 կգ-ն: Նա նվաճեց փոքր արծաթե մեդալ: Երկամարտում Հակոբ Մկրտչյանը գրանցեց 372 կգ արդյունք: 102 կգ քաշում Սամվել Գասպարյանը դարձավ Եվրոպայի չեմպիոն, իսկ Արսեն Մարտիրոսյանը` փոխչեմպիոն: 109 կգ քաշում Սիմոն Մարտիրոսյանը դարձավ փոքր ոսկե մեդալակիր, իսկ երկամարտում «զրո» ստացավ: Գերծանր քաշային կարգում Գոռ Մինասյանը դարձավ Եվրոպայի առաջնության արծաթե, իսկ Վարազդատ Լալայանը` բրոնզե մեդալակիր:
Կարծիքներ