ԱԺ պատգամավորները համամարդկային արժեքներին ապտակ են համարում Բաքվում բացված «պուրակը»
ՀՀ ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության անդամ Նազելի Բաղդասարյանը համամարդկային արժեքներին ուղղված ապտակ է համարում Բաքվում բացված «պուրակը», որտեղ ցուցադրվել են Արցախյան երկրորդ պատերազմի վերաբերյալ ցուցանմուշներ:
Այս մասին Բաղդասարյանն ասաց ապրիլի 13-ի խորհրդարանի նիստի ընթացքում:
«Սա ապտակ է ոչ միայն մարդկությանը, այլ նաև համամարդկային արժեքներին, որովհետև ամբողջ աշխարհին ցույց տրվեց հայատյացության այն բարձր մակարադակը, որն Ադրբեջանի պետական քաղաքականության անբաժանելի մաս է կազմում: Տարիներ շարունակ տարվող այս քաղաքականությունը հասել է ամենաբարձր մակարդակի, սա անարգանք է մեր զոհերի, անհետ կորածների ու գերեվարվածների նկատմամբ: Այս հարցում պետք է չլինեն քաղաքական հայացքներ և մոտեցումներ, որովհետև բոլորս պետք է բռունցքվենք և ցույց տանք աշխարհին, որ հայ մարդու արժանապատվությունը վեր ու բարձր է ամեն ինչից»,- ասաց Բաղդասարյանը:
Անկախ պատգամավոր Գոռ Գևորգյանն իր ելույթում նշեց, որ Բաքվում բացված «պուրակը» համակարգված ծայրաստիճան հայատյացության հերթական դրսևորում է:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ապրիլի 12-ին Բաքվում այցելել էր արցախյան վերջին պատերազմի հետևանքով որպես ավար վերցված հայկական զրահատեխնիկայի նորաբաց այգի: Այն տեղակայվել է 5 հեկտար տարածքում: Այգում ցուցադրվում են հայկական զրահամեքենաները, հայ զինվորներին պատկանած սաղավարտներ և այլն:
Կարծիքներ