Արարատ Միրզոյանին է փոխանցվել սուրբ Գրիգոր Մեծի պապական շքանշանը
Հոկտեմբերի 13-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Սուրբ Աթոռի առաքելական նվիրակ Ժոզե Ավելինու Բետենկուրին` Հայաստանում դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ:
Արձանագրելով, որ Հայաստանում Սուրբ Աթոռի նվիրակի առաքելությունը համընկել է Հայաստանի և հայ ժողովրդի համար բարդ ժամանակահատվածի հետ՝ նախարար Միրզոյանը արժևորել է երկկողմ հարաբերությունների խորացման և զարգացման գործում նրա ներդրումն ու ջանքերը և հաջողություն մաղթել հետագա գործունեության մեջ:
Ընդգծելով, որ իր համար առանձնահատուկ էր առաքելությունը քրիստոնեությունն առաջինը որպես պետական կրոն ընդունած երկրում՝ Սուրբ Աթոռի առաքելական նվիրակը շնորհակալություն է հայտնել կապերի ամրապնդմանն ուղղված արդյունավետ համագործակցության և ջանքերի համար՝ նախարար Միրզոյանին փոխանցելով Սուրբ Գրիգոր Մեծի պապական շքանշանը:
Զրուցակցիները քննարկել են Հայաստանի և Սուրբ Աթոռի միջև փոխգործակցության տարբեր հարցեր՝ գոհունակությամբ նշելով վերջին շրջանում երկկողմ բարձրաստիճան այցերի իրականացումը, մասնավորապես 2022թ. ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի այցը Վատիկան և 2023թ. Սուրբ Աթոռի պետական քարտուղար Պիետրո Պառոլինի ացը Երևան:
Անդրադառնալով Ադրբեջանի կողմից էթնիկ զտումների քաղաքականության հետևանքով Լեռնային Ղարաբաղի հայաթափմանը՝ Արարատ Միրզոյանը նշել է, որ 100 հազարից ավել հայության բռնի տեղահանմանը նախորդել էին սեպտեմբերի 19-ի ադրբեջանական ռազմական հարձակումը և շուրջ 10-ամսյա շրջափակումը:
Այս համատեքստում ՀՀ ԱԳ նախարարը նշել է, որ չնայած միջազգային հանրության, այդ թվում՝ Սուրբ Աթոռի կոչերին և հայտարարություններին՝ փաստացի հնարավոր չեղավ կանխել Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի ժողովրդի հայրենազրկման ծրագրավորված քաղաքականությունը:
Շեշտվել է պահպանվող հումանիտար խնդիրների, ԼՂ-ից տեղահանված հայերի իրավունքների հասցեագրամ, ինչպես նաև տարածաշրջանում խաղաղության հաստատման ուղղությամբ միջազգային դերակատարների գործուն ներգրավածության և գործողությունների կարևորությունը:
Սուրբ Գրիգոր Մեծի պապական շքանշանը հիմնադրվել է Հռոմի պապ Գրիգոր XVI-ի կողմից 1831թ. և շնորհվում է Սուրբ Աթոռին և Եկեղեցուն մատուցած ծառայության, անձնվեր և օրինակելի աշխատանքի, հասարակության առջև ունեցած վաստակի համար:
Կարծիքներ