Մեկնարկել է Ազգային երիտասարդական համաժողովը
Օգոստոսի 1-ից Երեւանում մեկնարկել է Ազգային երիտասարդական եռօրյա համաժողովը, որի նպատակն է համախմբել Հայաստանի, Սփյուռքի եւ Լեռնային Ղարաբաղի երիտասարդներին՝ մասնակցելու Հայաստանի զարգացման գործընթացներին: Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի նախաձեռնությամբ համաժողովի շրջանակում շուրջ 51 երկրներից Հայաստան են ժամանել 18-35 տարեկան ավելի քան 600 երիտասարդներ: Համաժողովը հայ երիտասարդներին թույլ կտա բացահայտել ընդհանուր առաջնահերթությունները, ինչպես նաեւ միասին աշխատել Հայաստան-Սփյուռք երիտասարդական համագործակցության ճանապարհային քարտեզի մշակման ուղղությամբ:
«Երիտասարդների կողմից՝ երիտասարդների համար» կարգախոսը կրող Ազգային երիտասարդական համաժողովի մասնակիցներին ողջունել է ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը:
Այս մասին հայտնում են ԱԺ-ից։
«Մեզ միավորողը հայրենիքն է, հայոց լեզուն, պետականությունը, կրոնը, որոնց առանցքում Հայաստանի Հանրապետությունն է»,- ասել է Հակոբ Արշակյանը՝ համոզմունք հայտնելով, որ եռօրյա քննարկումներն ու միջոցառումներն արդյունավետ կլինեն:
Անդրադառնալով ծառացած մարտահրավերներին՝ ԱԺ նախագահի տեղակալը նշել է, որ մարտահրավերներ միշտ եղել են եւ կլինեն, սակայն առավել կարեւոր է այն, թե ինչպես ենք արձագանքում դրանց:
«Ես ցանկանում եմ, որ մենք մեծ պատասխանատվությամբ եւ հոգատարությամբ վերաբերվենք այդ մարտահրավերները հաղթահարելուն: Համոզված եմ, որ ունեցել եք հնարավորություն այցելել մարզեր եւ ծանոթանալ մեր երկրի առավելություններին, հաջողություններին, հնարավորություններին, խնդիրներին: Միայն հոգատարությամբ, ջանասիրությամբ եւ անհատական ջանքերով է հնարավոր, առկա բոլոր հնարավորություններն օգտագործելով, խնդիրները հասցնել հանգուցալուծման: Ցանկանում եմ կոչ անել մեր հարյուրավոր երիտասարդներին, որոնք այցելել են Հայաստան, գտնել այն հնարավորությունը, տեղը, որտեղ կարելի է ներդնել ձեր անհատական ջանքը եւ պլանավորել դրա իրականացումը»,- ասել է Հակոբ Արշակյանը՝ ուժ, եռանդ եւ կամք մաղթելով բոլորին սիրելի հայրենիքի շենացման գործում:
Համաժողովի մասնակիցներին ողջունել են նաեւ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը, ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը:
Առաջիկա երեք օրերի ընթացքում նախատեսվում են պանելային, կլոր-սեղան ձեւաչափով ոլորտային քննարկումներ, TEDx ոճի զրույցներ, շնորհանդեսներ, որոնց կմասակցեն պատգամավորներ:
Կարծիքներ