Կսահմանվեն դատավորների, դատախազների ու քննչական մարմիններում ինքնավար պաշտոն զբաղեցրած անձանց կենսաթոշակային ապահովության միասնական պայմաններ

Կսահմանվեն դատավորների, դատախազների ու քննչական մարմիններում ինքնավար պաշտոն զբաղեցրած անձանց կենսաթոշակային ապահովության միասնական պայմաններ

Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց ««Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և ««Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում փոփոխություն կատարելու մասին» և հարակից օրենքներում փոփոխություններ ու լրացումներ նախատեսող օրենսդրական փաթեթը:

Փաթեթի նպատակը դատավորների կենսաթոշակի իրավունքի պայմանների համապատասխանեցումն է ՍԴ որոշմանը, ինչպես նաև դատախազների ու քննչական մարմիններում ինքնավար պաշտոն զբաղեցրած անձանց կենսաթոշակային ապահովության միասնական պայմանների սահմանումը:

Առաջարկվում է դատավորների համար սահմանել կենսաթոշակի՝ բացառապես օրենքով հաշվարկվող չափ՝ անկախ պաշտոնավարման ժամանակահատվածներից և ծննդյան տարեթվից՝ այն փոխկապակցելով զբաղեցրած վերջին պաշտոնից ազատվելու օրվա դրությամբ այդ պաշտոնի համար սահմանված պաշտոնային դրույքաչափի և հավելավճարի հանրագումարի հետ:

Առաջարկվում է դատախազի, ինչպես նաև Քննչական կոմիտեում, Հակակոռուպցիոն կոմիտեում և Պետական եկամուտների կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցրած անձի համար՝ որպես կենսաթոշակի իրավունք տվող պայման սահմանել դիմումի հիման վրա, ինչպես նաև հաստիքների կրճատման, առողջական վիճակի վատթարացման հիմքով պաշտոնից ազատվելու օրվա դրությամբ առնվազն 20 օրացուցային տարվա մասնագիտական ստաժ ունենալը:

Խորհրդարանականները նախագիծը դրական են համարում, սակայն ընդդիմությունը նշեց, որ նախագծին կողմ կքվեարկի որոշ փոփոխություններից հետո: Նախագծի առաջին ընթերցմանը ընդդիմադիրները ձեռնպահ քվեարկեցին:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում