Աշխարհը գտնվում է համավարակի նոր և վտանգավոր փուլում. ԱՀԿ ղեկավար
Աշխարհը մտել է նոր կորոնավիրուսային համավարակի «նոր և վտանգավոր փուլ», ուրբաթ կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) ղեկավար Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը, գրում է CNN-ը։
Գեբրեյեսուսի խոսքով՝ ԱՀԿ-ն տվյալներ է ստանում Հյուսիսային և Հարավային Ամերիկայում, ինչպես նաև Հարավային Ասիայում և Մերձավոր Արևելքում հիվանդության նոր զանգվածային դեպքերի մասին։ Նրա խոսքով՝ նախօրեին մեկ օրվա ընթացքում արձանագրվել է ավելի քան 150 հազար նոր դեպք, ինչը հակառեկորդ է համարվում։
«Այդ դեպքերի գրեթե կեսն արձանագրվել է Հյուսիսային և Հարավային Ամերիկայում, մեծ թվով դեպքեր են արձանագրվել նաև Հարավային Ասիայում և Մերձավոր Արևելքում»,- հավելել է նա:
«Աշխարհը գտնվում է համավարակի նոր և վտանգավոր փուլում»,- զգուշացրել է ԱՀԿ ղեկավարը՝ հավելելով․ «Հասկանալի է, որ շատ մարդիկ հոգնել են տանը նստելուց։ Հասկանալի է, որ երկրները ձգտում են բացել իրենց տնտեսությունները։ Բայց վիրուսը տարածվում է արագ և դեռևս մահացու վտանգավոր է»:
Չինաստանի իշխանությունները վիրուսի համաճարակի բռնկման մասին Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը տեղյակ էին պահել դեկտեմբերի 31-ին: Վիրուսը տարածվել է Հուբեյ նահանգի Ուհան քաղաքից: Վերջին տվյալների համաձայն՝ ողջ աշխարհում COVID-19-ով պայմանավորված հիվանդության հետևանքով մահացել է 457 719 մարդ, վարակվել 8 637 584-ը:
Կարծիքներ