Ոստիկանությունը հորդորում է զերծ մնալ համակարգչային հանցագործություններից

Ոստիկանությունը հորդորում է զերծ մնալ համակարգչային հանցագործություններից

ՀՀ ոստիկանության Հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Համացանցում շրջանառվում է տեղեկատվություն, որ բազմաթիվ քաղաքացիների բջջային հեռախոսների կամ անձնական օգտագործման համակարգիչների ինտերնետ դիտարկիչներում սկսել են հայտնվել հաղորդագրություններ, իբր պոռնկագրական նյութեր պարունակող կայքեր բազմիցս այցելելու պատճառով ՀՀ ոստիկանության կողմից արգելափակվել է օգտատիրոջ համակարգիչը, և նա տուգանվել է որոշակի գումարի չափով։ Նույն հաղորդագրությամբ քաղաքացիներին ներկայացվում է տուգանքները վճարելու հաշվեհամար՝ հղում անելով ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածին։

Հարկ է նշել, որ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածը վերաբերում է ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելուն։

Պարզաբանում ենք, որ խնդրո առարկա հաղորդագրությունները որևէ առնչություն չունեն ՀՀ ոստիկանության հետ, իսկ դիտարկված կասկածելի կայքը, որի հղումով մուտք է գործել օգտատերը, հնարավոր է պարունակած լինի նման հաղորդագրություն ցուցադրելու համար նախատեսված ծրագրային ապահովում, ինչի գործարկման արդյունքում հաղորդագրությունը հայտնվել է բջջային հեռախոսում կամ համակարգչում։

ՀՀ ոստիկանությունը հորդորում է չվճարել պահանջվող գումարը և համացանցից օգտվելու արգելափակումը վերացնելու համար մաքրել համակարգչի ինտերնետ դիտարկման արդյունքում կուտակված ֆայլերը /cache/ և դիտարկչի հավելումները /extension/ կամ դիմել համակարգչային մասնագետի։

Այն քաղաքացիները, որոնք տուժել են խարդախների գործողություններից, կարող են դիմել ոստիկանություն»։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում