Արմավիրի մարզի Պտղունք բնակավայրում տեղի է ունեցել նորակառույց դպրոցի բացումը

Արմավիրի մարզի Պտղունք բնակավայրում տեղի է ունեցել նորակառույց դպրոցի բացումը

Գիտելիքի և դպրության օրվա առթիվ այսօր տեղի է ունեցել Արմավիրի մարզի Պտղունք բնակավայրի Տիգրան Մեծի անվան նորակառույց դպրոցի բացումը, որին ներկա են եղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը:

Միջոցառմանը ներկա են եղել նաև ՀՀ տարածքային զարգացման ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, ՀՀ Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանը:

Արմավիրի մարզի Պտղունք բնակավայրի դպրոցը կառուցվել է Կառավարության 300 դպրոց, 500 մանկապարտեզ ծրագրի շրջանակում:

Շնորհավորանքի խոսքում Նիկոլ Փաշինյանը նշել է՝ սա իր երրորդ այցն է Տիգրան Մեծի անվան նորակառույց դպրոց:

«Առաջին անգամ երևի հերթական աշխատանքային այցից էինք վերադառնում, երբ տեղեկացանք, որ Պտղունքի մի խումբ բնակիչներ շատ կարևոր բան ունեն ասելու: Բնակիչներն ասացին՝ մենք ուղղակի Ձեզ ուզում ենք ցույց տալ մեր դպրոցը: Մենք եկանք այստեղ, և իհարկե, տեսարանը շատ ցավեցնող էր»,- ասել է ՀՀ վարչապետն ու նշել՝ հենց այդ այցից հետո հանձնարարվել է իրականացնել նոր դպրոցի կառուցումը:

Վարչապետի խոսքով՝ դպրոցների կառուցումը մեզանում պետք է առօրեական և ոչ՝ պատմական իրադարձություն լինի. «Կցանկանամ, որ դպրոցների բացումը մեզ համար դառնար առօրեական իրադարձություն. սա ընդամենն աշխատանք է, սա ընդամենը պարտականություն է, նվազագույն պարտականություն կառավարության կողմից, մարզպետի աշխատակազմի կողմից, տեղական ինքնակառավարման մարմինների կողմից: Ցանկանում եմ՝ բոլորս դպրոցն ընկալենք որպես վազքուղի, որպես թռիչքուղի, որպես տրամպլին, որից հետո, որի միջոցով պիտի սկսվի այս երեխաների թռիչքը, և նրանք պետք է կարողանան գնալ իրենց երազանքների հետևից»:

Դպրոցականներին ողջունել և նոր ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ շնորհավորել է նաև ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը: Նախարարն ընդգծել է՝ նոր ուսումնական տարին սկսում ենք հիմնարար փոփոխություններով, կրթական համակարգի բարելավմանն ուղղված մի շարք ծրագրերով, հանրակրթության նոր չափորոշչի ներդրմամբ, կառավարման և ֆինանսական համակարգերի փոփոխությամբ, բարձրագույն կրթության բարեփոխումների մեկնարկով:

«Դրանք հեշտ չեն լինելու, և շատ կարևոր է այդ փոփոխությունների ճանապարհին հասկանալ, որ բոլոր դժվարությունները հաղթահարելի են, եթե աշխատում ենք որպես մի մեծ թիմ ու ջանք ենք դնում մեկ նպատակով՝ մեր երկրի յուրաքանչյուր բնակավայրում յուրաքանչյուր սովորողի համար որակյալ կրթություն ունենալու։ Նոր ուսումնական տարում բոլորիս մաղթում եմ խաղաղ պայմաններում բեղմնավոր գործունեություն, փոփոխությունների իրականացման ճանապարհին ուժ և հաստատակամություն»,- ասել է ԿԳՄՍ նախարարը:

Շրջելով նորակառույց դպրոցում՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ծանոթացել են ստեղծված պայմաններին: Պատասխանատուների ներկայացմամբ՝ դպրոցի նախագծային աշխատանքները մեկնարկել են 2019թ. մարտից, շինարարական աշխատանքները՝ 2020 թ. սեպտեմբերից, և ավարտվել են 2022 թ. դեկտեմբերին: Շինարարական աշխատանքներն իրականացվել են Ասիական զարգացման բանկի միջոցներով: Ընդհանուր առմամբ դպրոցի կառուցմանը տրամադրվել է ավելի քան 1 մլրդ դրամ: Բացի կառուցումից, դպրոցը նաև նոր գույքով է հագեցվել, որի համար ՀՀ պետական բյուջեից հատկացվել է 14 մլն 238 հազար դրամ: Շենքային պայմանները համապատասխանում են ժամանակակից կրթական պահանջներին: Դպրոցն ունի նաև բարեկարգված բակային տարածք: Նոր ուսումնական տարում դպրոցում սովորելու է 118 աշակերտ:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի ուղեկցությամբ այցելել է նաև Երևանի Մուրացանի անվան թիվ 18 հիմնական դպրոց, ներկա գտնվել առաջին դասարանցիների նորամուտին նվիրված միջոցառմանը:

Նրանք շրջել են դպրոցում, որը հիմնանորոգվել և վերակառուցվել է դպրոցների սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագրի շրջանակում, ծանոթացել ստեղծված պայմաններին: Պատասխանատուները ներկայացրել են, որ 1932 թ. կառուցված նախկին շենքի տարածքը կազմել է 2.881,2 քմ, շենքի ներսում նախկինում գտնվել է Շենգավիթ վարչական շրջանի էլեկտրական սնուցման կայանը՝ վտանգելով դպրոցի միջավայրը: Մինչ վերակառուցումը՝ դպրոցում սովորել է 383 աշակերտ: Վերակառուցված շենքի մակերեսը 3800 քմ է: Այն ամբողջությամբ կառուցված է երկաթբետոնե կոնստրուկտիվ լուծումներով: Շենքի սեյսմիկ ամրությունը հաշվարկված է 9 բալ ուժգնությամբ երկրաշարժի համար: Վերակառուցման ժամանակ պահպանվել է նախկին շենքի ճակատային պատը, որը պատմամշակութային արժեք ունի: Վերակառուցված դպրոցն ունի երկու մարզադահլիճ, հրաձգարան, խոհանոց, ճաշարան, հանդիսությունների դահլիճ, ապահովված է շենքի մատչելիությունը՝ ներառական հարմարեցված միջավայրի ապահովման տեսանկյունից: Դպրոցն ապահովված է արևային կայանով, ջեռուցման համակարգերով, տեսահսկման սարքերով, անվտանգության սարքավորումներով, օդափոխության, տաք և սառը ջրամատակարարման համակարգերով: Դպրոցը նախատեսված է 430 աշակերտի համար:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում