Հիմա մեր տարածաշրջան ներհոսելու են մեծ ներդրումներ, դա շատ լավ նորություն է. վարչապետ
Մենք հասկացանք, որ հնարավոր չէ դուրս գալ այս թնջուկից՝ առանց միմյանց տարածքային ամբողջականության, սահմանների անխախտելիության և ինքնիշխանության ճանաչման։ Այս մասին ՄԱՀՀԻ անվտանգության ֆորումի շրջանակում «Հայաստանը և խաղաղությունը՝ ռիսկերի ու հնարավորությունների խաչմերուկում» քննարկման ընթացքում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Եթե այդ որոշումները չկայացնեինք, չեմ էլ փորձի նկարագրել, թե հունվարի 14-ի դրությամբ ինչ իրավիճակ կլիներ մեր տարածաշրջանում։
Եկեք գնահատենք մի շատ կարևոր հանգամանք. ըստ էության՝ աշխարհը փոթորկվում է, մինչդեռ Հայաստանը և մեր տարածաշրջանը այսօր քայլ առ քայլ, առնվազն ՀՀ–Ադրբեջան հարթությունում, վերածվում են կայունության և անվտանգության միջավայրի։ Սա չափազանց կարևոր է և շատ մեծ ձեռքբերում», – նշել է վարչապետը։
Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է նաև TRIPP նախագծին՝ ընդգծելով.
«Այս պահին արդեն ակնհայտ է, որ TRIPP նախագծի հետ կապված այն բաց հարցերը, որոնք կային հռչակագրի ընդունումից հետո, ստացել են իրենց պատասխանները։ Շատ կարևոր է, որ մենք ունենք բանաձև, որը լիարժեք բավարարում է և պետք է բավարարի Հայաստանին ու ԱՄՆ-ին, ինչպես նաև, իմ կարծիքով [իհարկե, նրանք կարձագանքեն, կտեսնենք], բավարարում է Ադրբեջանին»։
Վարչապետի խոսքով՝ դրանով կանաչ լույս է վառվում տարածաշրջանում երկարատև և կայուն խաղաղություն հաստատելու գործընթացի համար։
Նիկոլ Փաշինյանը հատուկ ընդգծել է նաև ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դերը՝ հավելելով.
«Ակնհայտ է, որ մեր տարածաշրջան այժմ ներհոսելու են մեծ ներդրումներ և մեծ ֆինանսական միջոցներ, և դա շատ լավ նորություն է»։


Կարծիքներ