500 մանկապարտեզ, 300 դպրոց. ՀՀ վարչապետն անդրադարձել է հանրակրթության ոլորտի բարեփոխումներին
Մինչև 2026 թվականը Հայաստանում 500 մանկապարտեզ կառուցելու մեր ծրագիրը մեկնարկել է՝ ԱԺ նիստում հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ Ազգային ժողովում ներկայացնելով Կառավարության ծրագրի 2021 թվականի կատարողականի զեկույցը:
«Սա ոչ միայն պիտի կրթությունն իրապես հասանելի դարձնի մեր երկրի բոլոր երեխաներին, այլև երիտասարդ մայրիկներին աշխատաշուկան համալրելու հնարավորություն պիտի տա, հանրային, տնտեսական ակտիվություն ցուցաբերելու հնարավորություն»,- ասաց Փաշինյանը:
Վարչապետի խոսքով՝ հանրակրթության ոլորտում հաջորդ կարևորագույն ինստիտուցիոնալ փոփոխությունը 300 դպրոցի կառուցման, հանրակրթության պետական չափորոշիչի ընդունման շարքում ուսուցիչների կամավոր ատեստավորման գործընթացն է, որը նույնպես մեկնարկել է 2021 թվականին ու պիտի լինի շարունակական:
«Այդ գործընթացով մենք միջնաժամկետում լուծելու ենք երկու կարևորագույն խնդիր. բացառելու ենք պատշաճ որակավորում չունեցող ուսուցիչների մուտքը դպրոց և ուսուցիչների աշխատավարձերի շարունակական բարձրացման մեխանիզմ ենք ստեղծելու: Այս գործընթացն արդեն սկսված է, և 2021 թվականին տեղի ունեցած կամավոր ատեստավորման արդյունքում շուրջ 450 ուսուցչի աշխատավարձերը բարձրացել են 30-ից 50 տոկոսով»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:
Կարծիքներ