Հացահատիկի բերքատվության աճից մինչև թռչնամսի արտադրության աճ. Արման Խոջոյանը 2022-ը գյուղատնտեսության համար համարում է հաջող տարի
ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը 2022 թվականը գյուղատնտեսության ոլորտի համար համարում է հաջող տարի:
«Արմենպրես»-ի հետ զրույցում նախարարի տեղակալը նշեց՝ քանի որ տարին զուգորդվում էր շատ մարտահրավերներով, որոնցից են՝ շուկաների վերադասավորումները, լոգիստիկ արժեշղթաների ծանրաբեռնվածությունը, տարբեր աշխարհաքաղաքական փոփոխությունները, ինչպես նաև կլիմայի փոփոխությունը, նախարարության հիմնական նպատակն է եղել ապահովել ոլորտում կայունություն՝ անկախ այդ բոլոր տատանումներից:
Խոջոյանն ընդգծեց, որ գյուղատնտեսության ոլորտը ներառում է և առաջնային արտադրությունը, և ագրովերամշակումը՝ ամբողջական տեսքով: «Առաջնային արտադրությունը գյուղատնտեսության ոլորտում աճել է 0.4 տոկոսով, սակայն դրանում ներառված չէ նաև ձկնաբուծության ոլորտը, որի հետ համադրելով, գյուղատնտեսության ոլորտի ընդհանուր աճը գնահատվում է 1.5 տոկոս»,- ասաց Խոջոյանը:
Նրա խոսքով՝ 2021 թվականին, երբ գյուղատնտեսության ոլորտի առաջնային արտադրությունը 1.1 տոկոս անկում էր գրանցել, վերամշակման ոլորտը աճել էր 7.8 տոկոսով և այս տարի նույնպես այդ աճի դինամիկան պահպանվում է:
«Ճիշտ է՝ վիճակագրական կոմիտեի տրամադրած տեղեկատվությունը չի ներառում դեկտեմբեր ամիսը, սակայն 2022 թվականի արդյունքներով վերամշակման ոլորտում լինելու է շուրջ 5.9 տոկոս աճ: Հետևաբար, կարող ենք ասել, որ 2022 թվականը գյուղատնտեսության ոլորտի համար հաջող տարի էր: Միաժամանակ նշեմ, որ գյուղատնտեսական համախառն արտադրանքը իր գումարային ծավալով նույնպես աճել է, 2021 թվականին այն կազմել է 933 միլիարդ դրամ, իսկ 2022 թվականին գյուղատնտեսական առաջնային արտադրությունը կազմում էր 1021 միլիարդ դրամ, իսկ ձկնաբուծությունը ներառյալ այն կազմում էր շուրջ 1080 միլիարդ դրամ»,- ասաց նա:
Արման Խոջոյանը նշեց, որ հացահատիկի ոլորտում բերքատվությունն աճել է 57.9 տոկոսով: Եթե 2021 թվականին Հայաստանում արտադրվել է 97 հազար տոննա ցորեն, ապա 2022 թվականին այդ թիվը կազմել է 140 հազար տոննա: 2021 թվականին գարու արտադրությունը եղել է 39 հազար տոննա, 2022-ին այդ թիվը կրկնապատկվել է՝ դառնալով շուրջ 80 հազար տոննա:
«Ուրախությամբ եմ նշում, որ ամեն տարի նաև նկատվում է պտուղների և հատապտուղների աճ: Ես գնահատում եմ այն ծրագրերը, որոնք մենք իրականացնում ենք բարձրարժեք մշակաբույսերի արտադրությունը խթանելու համար, որը մեծ ազդեցություն է գործում պտուղների և հատապտուղների արտադրական քանակի ավելացման վար: Այս ոլորտում 2022 թվականին նույնպես շուրջ 7 տոկոս աճ է գրանցվել»,-նշեց Խոջոյանը:
Փոխնախարարը շեշտեց՝ չպետք է բացառել կլիմայի գլոբալ փոփոխության բացասական ազդեցությունը հենց գյուղատնտեսության ոլորտի վրա, քանի որ ամբողջ աշխարհում կլիմայի գլոբալ տաքացումը հանգեցնում է տարբեր կլիմայական անոմալ դրսևորումների, ինչպես նաև ենթադրվում է ջրային ռեսուրսների նվազում ամբողջ աշխարհում: Փոխնախարարը այստեղ կարևորեց նաև հենց ոռոգման առաջադեմ տեխնոլոգիաների մասսայական կիրառումը՝ ջրախնայողության նպատակով, ինչպես նաև բույսի անհրաժեշտ ջրապահանջարկը բավարարելու համար:
«Օրինակ ինչո՞ւ 2022 թվականին բուսաբուծության ոլորտում մենք ունեինք 5.7 տոկոս աճ, իսկ անասնաբուծության ոլորտում՝ շուրջ 5 տոկոս անկում: Այն հենց կապված էր 2021 թվականի չորային տարով: 2021 թվականին Հայաստանում արտադրվել է շուրջ 359 հազար տոննա խոտ: Համեմատության համար նշեմ, որ ընդհանուր մեր կողմից գնահատված խոտի պահանջարկը շուրջ 750 հազար տոննա է: Եվ այդ դեֆիցիտը, 2021 թվականի բնակլիմայական պայմաններով պայմանավորված, առաջացրեց անասնագլխաքանակի նվազման: Ուրախությամբ պետք է նշում, որ 2022 թվականին խոտի արտադրության ծավալը եղել է շուրջ 850 հազար տոննա, որը բավարար է Հայաստանում առկա անասնագլխաքանակի համար»,- ընդգծեց էկոնոմիկայի նախարարի տեղակալը:
Արման Խոջոյանը, անդրադառնալով թռչնամսի և ձվի արտադրությանը, նշեց, որ 2022 թվականին այս ոլորտում նկատվել է արտադրության աճ: Փոխնախարարը սա շատ կարևորեց, քանի որ թռչնամիսի ինքնաբավության մակարդակը դեռ բավարար չէ, և այս ոլորտում աճը Հայաստանի համար կարևոր նշանակություն ունի:
Հեղինակ՝ Գայանե Գաբոյան
Կարծիքներ