Այս որոշմանը ինքներս ծանր ենք հանգել. Արմեն Գալջյանը՝ Մարությանին անվստահություն հայտնելու մասին

Այս որոշմանը ինքներս ծանր ենք հանգել. Արմեն Գալջյանը՝ Մարությանին անվստահություն հայտնելու մասին

 Երևանի ավագանու  «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանը հայտարարեց, որ  Երևանի քաղաքապետարանի շուրջ ծանր իրավիճակ է ստեղծվել և ստեղծված իրավիճակում անհրաժեշտություն էր քաղաքապետ Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու մասին որոշում կայացնելը։

«Անշուշտ, ծանր իրավիճակ է և այս որոշմանը ինքներս ծանր ենք հանգել, բայց ,կարծում եմ, որ ստեղծված իրավիճակում դա անհրաժեշտություն էր, որովհետև առաջացել էր ճգնաժամ ավագանու և քաղաքապետի ինստիտուտների միջև։ Շատ եմ ուզում, որ մենք այսօր անձնավորված որևէ ելույթ չունենանք, որովհետև Հայկ Մարության անձի նկատմամբ որևէ հակակրանք, որևէ անձնային խնդիր չկա, զուտ ինստիտուտների բախում է տեղի ունեցել, և ուզում եմ, որ մենք այսօր այդ շրջանակներում ելույթներ և քննարկումներ ունենանք»,- Երևանի ավագանու արտահերթ նիստի ընթացքում ասաց Գալջյանը։

Ըստ «Իմ քայլը» խմբակցության ղեկավարի՝ Հայկ Մարությանի՝ ՔՊ-ից դուրս գալը ճգնաժամի ստեղծման առիթ է դարձել, սակայն մեկ տարի այդ պայմաններում աշխատել են։

«Բայց այստեղ ամենակարևորը հետևյալն է, որ այդ պատճառով ստեղծված իրավիճակը մեզ թույլ չի տա առաջիկա երկու տարիներին արդյունավետ աշխատել և ծառայել Երևանին։ Ինչպես հայտնի է, մենք քաղաքապետի թեկնածու առաջադրել ենք քաղաքապետի առաջին տեղակալ Հրաչյա Սարգսյանին, որը չի հանդիսանում ՔՊ-ի անդամ։ Սա վկայում է այն մասին, որ կուսակցական խնդիր չի լուծվում այս որոշմամբ, ընդամենը քաղաքի  առաջիկա երկու տարիների արդյունավետ կառավարման հարցն է լուծվում։ Վստահ եմ, որ կկարողանանք շարունակել այն բարեփոխումները, որոնք սկսել է Հայկ Մարությանը»,- եզրափակեց Գալջյանը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում