ԵՄ-ն չի պատրաստվում էմբարգո սահմանել Ռուսաստանից նավթի մատակարարումների վրա. Բորել
Եվրամիությունը դեռ չի պլանավորում կենտրոնացված սահմանափակումներ մտցնել ռուսական նավթի մատակարարումների վրա, քանի որ ԵՄ անդամ մի քանի երկրներ սպառնացել են արգելափակել նման որոշումը, եթե այն քվեարկության դրվի։ Այս մասին LENA լրատվական հրատարակությունների եվրոպական դաշինքի լրագրողներին տված հարցազրույցում հայտարարել է ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը։
«Շատ դժվար կլինի [ԵՄ-ում միաձայն կոնսենսուսւ գալ՝ էմբարգոյի կամ ռուսական նավթի մաքսատուրքերի բարձրացման վերաբերյալ], քանի որ որոշ մասնակից երկրներ արդեն հայտարարել են, որ վետո կդնեն ցանկացած կոլեկտիվ որոշման վրա», -ասել է նա։
Ռուսական ածխի մատակարարման արգելքից հետո ԵՄ երկրները, այդ թվում՝ Լեհաստանը և Ֆրանսիան, կողմ են ռուսական էներգակիրների ամբողջական մերժմանը, իսկ Գերմանիան, Ավստրիան և Հունգարիան դեմ են դրան։
Բորելը այս կապակցությամբ ասել է, որ ԵՄ երկրները կամավոր հիմունքներով աստիճանաբար կրճատում են նավթի ներկրումը Ռուսաստանի Դաշնությունից։ Նրա խոսքով, միջնաժամկետ հեռանկարում եվրոպացիները ստիպված կլինեն այս կամ այն կերպ հրաժարվել ռուսական էներգետիկ ռեսուրսներից, քանի որ դա «ինքնավարության կառուցման ամենակարևոր փուլն է»։
Այժմ Եվրահանձնաժողովը դիտարկում է նավթի ներկրման համար մաքսատուրքեր սահմանելու հարցը, սակայն սկսած միայն որոշակի չափից։
Կարծիքներ