Լեհաստանում խիստ քննադատել են Հունգարիայի վարչապետին

Լեհաստանում խիստ քննադատել են Հունգարիայի վարչապետին

Լեհաստանի փոխարտգործնախարար Վլադիսլավ Թեոֆիլ Բարտոշևսկին խիստ քննադատության է ենթարկել Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանին՝ վերջինիս քաղաքականությունը գնահատելով հակաեվրոպական, հակաուկրաինական եւ հակալեհական։ «Արմենպրես»-ի  հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Polska Agencja Prasowa-ն։Աղբյուրի փոխանցմամբ՝ կիրակի օրը Լեհաստանի փոխարտգործնախարար Վլադիսլավ Թեոֆիլ Բարտոշևսկին իր ելույթում նշել է, որ, ի տարբերություն Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի, իրենք Ռուսաստանի հետ բիզնես չեն իրականացնում։ Ավելի վաղ Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը քննադատել է ԵՄ-ի և ամբողջ Արևմուտքի քաղաքականությունը, ինչպես նաև մեղադրանք հնչեցրել Լեհաստանի հասցեին։Բացի այդ, ինչպես նշում է լեհական լրատվամիջոցը, Հունգարիայի կառավարության ղեկավարը նաև գովաբանել է Դոնալդ Թրամփին և պաշտպանել Ռուսաստանին։«Մենք Ռուսաստանի հետ բիզնես չենք անում՝ ի տարբերություն վարչապետ Օրբանի, որը գտնվում է միջազգային հանրության լուսանցքում՝ ինչպես Եվրամիությունում, այնպես էլ ՆԱՏՕ-ում», - ասել է Բարտոշևսկին՝ նշելով, որ Օրբանի ելույթը շատ բացասաբար է մեկնաբանվել նաև Բուդապեշտում ԱՄՆ դեսպանի կողմից, քանի որ, ըստ Բարտոշևսկու, դա հարձակում էր Լեհաստանի, ԱՄՆ-ի, Եվրամիության և ՆԱՏՕ-ի վրա։«Ես իսկապես չեմ հասկանում, թե ինչու է Հունգարիան ցանկանում մնալ այն կազմակերպությունների անդամ, որոնք իրենց այդքան էլ դուր չեն գալիս, և որոնք, իբր, վատ են վերաբերվում նրանց: Ինչո՞ւ նա միություն չի ստեղծում Պուտինի և նման կարգի ավտորիտար պետությունների հետ»,- ասել է Լեհաստանի փոխարտգործնախարարը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում