1 ոսկե և 2 բրոնզե մեդալ՝ Քիմիայի 55-րդ միջազգային օլիմպիադայից
Հուլիսի 16-ից 25-ը Ցյուրիխում (Շվեյցարիա) անցկացվել է Քիմիայի 55-րդ միջազգային օլիմպիադան, որում Հայաստանի թիմը նվաճել է 1 ոսկե և 2 բրոնզե մեդալներ:
Հայաստանի թիմը ներկայացրել են Քվանտ վարժարանի 12-րդ դասարանի աշակերտներ Լեոնիդ Ասատրյանն ու Յուրի Պետրոսյանը, Գյումրու Ֆոտոն վարժարանի 12-րդ դասարանի աշակերտ Տիգրան Մխիթարյանը և Վանաձորի մաթեմատիկական և բնագիտական առարկաների խորացված ուսուցմամբ հատուկ դպրոցի 10-րդ դասարանի աշակերտ Արման Խառատյանը։
Հայաստանի թիմի մասնակիցներից ոսկե մեդալի է արժանացել Լեոնիդ Ասատրյանը, բրոնզե մեդալների՝ Տիգրան Մխիթարյանը և Արման Խառատյանը, իսկ գովասանագրի՝ Յուրի Պետրոսյանը։
Թիմը ղեկավարել են ՀՀ ԳԱԱ-ից՝ Անդրանիկ Դավինյանը և ԵՊՀ-ից՝ Արմեն Գալստյանը։
Օլիմպիադային մասնակցել է 90 երկրի 355 ներկայացուցիչ՝ յուրաքանչյուր երկրից առավելագույնը 4 մասնակից: Օլիմպիադան անցկացվել է գործնական և տեսական փուլերով։
Հիշեցնենք, որ «Քիմիա» առարկայի նախորդ՝ 54-րդ միջազգային օլիմպիադայում, որն անցկացվել էր առցանց ձևաչափով, Հայաստանի թիմն արժանացել էր 1 արծաթե և 3 բրոնզե մեդալների։
Կարծիքներ