Սուրեն Գրիգորյանն անդրադարձել է ուղեվարձի թանկացմանը
Երևանի քաղաքապետի տեղակալ Սուրեն Գրիգորյանն այսօր ասուլիսի ժամանակ անդրադարձավ ուղեվարձի թանկացմանն ու դրա վերաբերյալ Երևանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանի երեկվա գրառմանը:
Ըստ Գրիգորյանի, Գալջյանի գրառումը ոչ թե ուղղված էր նրան, որ սակագինը հիմա 100 դրամ է և մնում է 100 դրամ, այլ ուղղված էր նրան, որ ավագանու անդամ իրենց որոշ գործընկերների հրապարակած թվերը սուտ են, մանիպուլյատիվ և իրականության հետ կապ չունեն:
«Այսինքն՝ թանկանում է, բայց այնքան չի թանկանում, ինչքան հրապարակված էր, ինչը չի նշանակում, որ առհասարակ չի թանկանում»,- ասաց քաղաքապետի տեղակալը:
Սուրեն Գրիգորյանը անդրադառնալով՝ որքան է թանկանալու ուղևարձը, հարցին, ասաց.
«Եթե մենք վերցնում ենք ամեն օր տրանսպորտից օգտվող անձին և վերցնում ենք, որ, օրինակ, նա օգտվել է ամսական, եռամսյակային կամ տարեկան, այս պահին դրված նախագծով «Թելսելի» տարբերակով 180 դրամին մոտ էր, եթե չեմ սխալվում: 11 հազարը բաժանեք 60 ուղևորության: Միջինացված թիվ ասելն իմաստ չունի, որովհետև գոյություն չունի միջինացված ուղևոր: Ուղևորը կա՛մ այս պրոդուկտից է օգտվում, կա՛մ այն, կա՛մ երրորդից: Ամեն մեկի մեջ պետք է հաշվարկը կատարվի:
Ուղևորության ինքնարժեքը, շատ համեստ հաշվարկներով, 220, 230 դրամ է: Դա այն հաշվարկն է, որ մեզ ոչ ոք չի կարող մեղադրել, որ հօգուտ մեզ ենք հաշվել: Այսօր այդ 200 դրամը վճարվում է, ուղղակի 100 դրամ վճարում է ուղևորը, 100 դրամ վճարում է բյուջեն, որը էլի ձևավորվում է քաղաքացու վճարումներից: Այսօրվա սուբսիդիան, եղած համակարգը ինչ-որ մինիմալ շնչելու տրամաբանությամբ է: Դա այն բյուջեն էլ չէ, որ մեր առօրյա պահանջած տրանսպորտային համակարգը մենք ունենալու ենք»,- ասաց քաղաքապետի տեղակալը:
Կարծիքներ