Բնության հատուկ պահպանվող տարածքների վարձակալության կամ կառուցապատման մրցույթի գործընթացի կանոնակարգմանն ուղղված քայլեր են իրականացվում

Բնության հատուկ պահպանվող տարածքների վարձակալության կամ կառուցապատման մրցույթի գործընթացի կանոնակարգմանն ուղղված քայլեր են իրականացվում

Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանի գլխավորությամբ կայացել է Բնության հատուկ պահպանվող տարածքների վարձակալության և/կամ կառուցապատման իրավունքով մրցույթի գործընթացը կանոնակարգող միջգերատեսչական հանձնաժողովի նիստը։
 

Քննարկման առարկա կանոնակարգումները հնարավորություն կընձեռեն հավասարակշռել բնապահպանական և սոցիալ-տնտեսական բաղադրիչները, հասնել բնության հատուկ պահպանվող տարածքների կայուն կառավարման և դինամիկ զարգացման տեսլականին։


Քայլ 1. «Բնության հատուկ պահպանվող տարածքների հողամասերը վարձակալության և (կամ) կառուցապատման իրավունքով տրամադրելու նպատակով ստեղծված միջգերատեսչական մրցութային հանձնաժողովի աշխատակարգը հաստատելու մասին» N 1578-Ն որոշման վերանայում։
 

Համաձայն այդ փոփոխությունների՝ սահմանվել են նվազագույն պահանջներ և պայմաններ, որոնք կապահովեն բնության հատուկ պահպանվող տարածքների հողերի ըստ նպատակային նշանակության արդյունավետ օգտագործման, տարածքի կայուն զարգացման տեսանկյունից հնարավորությունների ընձեռման, մրցունակ ծրագրերի ներկայացման և դրանց կյանքի կոչելու գաղափարները։

Մասնավորապես կարևորվել է՝
 

 ջրօգտագործման թույլտվության առկայությունը,

 տարածքի խմելու և կենցաղային ջրով ապահովումը,

 կեղտաջրերի լոկալ մաքրման կայանների (այդ թվում՝ սեպտիկ հորեր) տեղադրումը,

 սանհանգույցների առկայությունը,

 տարածքի սանիտարահիգենիկ պայմանների ապահովումը,

և այլն։


Մրցույթի անցկացման գործընթացի թափանցիկության, արդարության և անաչառության սկզբունքի պահպանման համար որոշմամբ սահմանվել են նաև միջգերատեսչական մրցութային հանձնաժողովի անդամների կողմից մրցութային փաթեթների գնահատման սկզբունքները։ Դրանք են՝
 

 ներկայացված փաթեթների համապատասխանությունը վերոնշյալ պահանջներին և պայմաններին,

հողամասի համար առաջարկվող բարձր վարձավճարի (վճարի) չափը,

օբյեկտի կարճ ժամանակում կառուցապատման և (կամ) շահագործման հնարավորությունը (իրատեսական ժամկետը),

ներդրումների չափը (ֆինանսական երաշխիքների առկայությունը),

գործունեության բնապահպանական ուղղվածությունը,

նախատեսվող գործունեության կայունությունը (շարունակականությունը),

սոցիալ-տնտեսական բաղադրիչ (ստեղծվող աշխատատեղերի թիվը, ազդեցությունը տարածքի սոցիալ-տնտեսական զարգացման վրա),

նախատեսվող գործունեության ռիսկերի գնահատումը և դրանց հաղթահարմանն ուղղված միջոցառումների առկայությունը։

Քայլ 2. Պայմանագրերի օրինակելի ձևերի մշակում
 

Համաձայն սահմանված կարգավումների՝ վերոնշյալ նվազագույն պահանջներն ու պայմանները համարվում են խիստ կարևոր և Բնության հատուկ պահպանվող տարածքների հողամասերը վարձակալության և (կամ) կառուցապատման իրավունքով տրամադրելու նպատակով մրցույթում հաղթող ճանաչված ֆիզիկական կամ իրավաբանական անձանց հետ կնքվող պայմանագրերում կամրագրվեն որպես այդ պայմանագրի էական պայմաններ և դրանցից որևէ մեկի խախատման դեպքը հիմք կհանդիսանա պայմանագրերի վաղաժամկետ լուծման համար։ Այդ նպատակով մշակվել են այդ պայմանագրերի օրինակելի ձևերը։

Քայլ 3. Մեկնարկային գների վերանայում


Հիմք ընդունելով «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը հանձնարարական է տրվել ԲՀՊՏ ՊՈԱԿ-ներին՝

վերանայել կառուցապատման և/կամ վարձակալության իրավունքով տրամադրման հողամասի նվազագույն վարձավճարների չափերի մեկնարկային գները,

 անհրաժեշտության դեպքում փոփոխման ենթարկելով գործող պայմանագրերը՝ վարձավճարների մասով։


Քայլ 4․ Տարածքի համաչափ զարգացման տեսլականը
 

Վարձակալությամբ և/կամ կառուցապատման իրավունքով մրցույթի ներկայացվող հողամասերը ընտրվում են ԲՀՊՏ տարածքների համաչափ և դինամիկ զարգացման նպատակից ելնելով՝ թեթևացնելով արդեն իսկ ծանրաբեռնված գոտիները և նախապայման ստեղծելով առավել թույլ զարգացած գոտիներում։
 

Սույն կարգավորումները միտված են բնության հատուկ պահպանվող տարածքների հողամասերի կայուն օգտագործմանը և շրջակա միջավայրի պահպանության գերակայության ապահովմանը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում