Մանկավարժական 60 տարին՝ ի նպաստ հայապահպանության. Սեդա Ղևոնդյանը պարգևատրվել է ԿԳՄՍՆ պատվոգրով
Երկարատև մանկավարժական գործունեության և հայապահպանության գործում ունեցած մեծ ավանդի համար Ուկրաինայի Դնեպր քաղաքի հայկական դպրոցների հայոց լեզվի ուսուցչուհի Սեդա Ղևոնդյանը պարգևատրվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության պատվոգրով: ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն այսօր այցելել է Սեդա Ղևոնդյանի գերդաստան՝ նախարարության անունից գնահատանքի խոսքեր ասելու բազմավաստակ ուսուցչուհուն և ևս մեկ անգամ արժեվորելու նրա հայանպաստ գործունեությունը սփյուռքում:
Սեդա Ղևոնդյանը մանկավարժական գործունեությունն սկսել է Արտաշատի Հովհաննես Թումանյանի անվան թիվ 2 դպրոցից՝ դասավանդելով «Հայոց լեզու և գրականություն» առարկան: 1987 թ.-ից հաստատվել է Դնեպրոպետրովսկ քաղաքում և շարունակել դասավանդել կիրակնօրյա դպրոցներում: Մանկավարժական 60 տարիների ընթացքում նա աշխատել է նաև Դնեպրի «Վարդուհի» հայկական մշակութային կենտրոնում, օգնել երիտասարդ ուսուցիչներին իր փորձառությամբ և գիտելիքներով: Նա հեղինակել է «Պատմություններ իրական կյանքից» գիրքը և մի շարք մեթոդական ձեռնարկներ:
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը շնորհակալություն է հայտնել Սեդա Ղևոնդյանին սփյուռքում ծավալած մանկավարժական բեղուն գործունեության համար և մաղթել երկար տարիների առողջ կյանք: «Անկախ նախարարության գործառույթներից՝ սփյուռքում հայկական ինքնությունը պահպանվում է Ձեզ պես անձնազոհ մարդկանց ջանքերով: Գնահատելով Ձեր գործը՝ մենք ցանկանում ենք երիտասարդներին ազդակներ տալ, թե ինչպիսին պետք է լինի իսկական նվիրյալը՝ անշահախնդիր և անձնազոհ: Դուք վառ օրինակ եք մեր այն ուսուցիչների համար, որ սփյուռքում հանգրվանած հայորդիներին մայրենի են ուսուցանում»,- ասել է փոխնախարարը:
Բազմավաստակ մանկավարժը շնորհակալություն է հայտնել գնահատանքի համար: «Մենք շատ լավ երիտասարդներ ունենք, ուրախ եմ, որ իմ փորձով և մեթոդներով կարող եմ օգտակար լինել նրանց՝ կայանալու և ծավալելու հայրենանվեր գործունեություն: Իմ բազմաթիվ աշակերտներ այսօր տարբեր բնագավառներում կայացած մարդիկ են. ուսուցչի համար ավելի լավ պարգև չկա»,- եզրափակել է վաստակաշատ մանկավարժը:
Կարծիքներ