Զոդի կամրջի վթարից մահացածների հարազատները խաչ են տեղադրել կամրջին (լուսանկար)
Արարատի մարզի Զոդի կամրջի մոտ 1 տարի առաջ տեղի ունեցած ողբերգական վթարից մահացածների հարազատները հունիսի 28-ին խաչ են տեղադրել կամրջին: Այս մասին NEWS.am-ին հայտնեց ողբերգական ավտովթարից մահացած 20-ամյա Ծաղիկ Համբարձումյանի եղբայրը` Հրաչ Համբարձումյանը:
Տեղադրված խաչին կից ցուցանակ է, որին գրված է մահացածների անունները եւ ծննդյան տարեթվերը: Տեղադրված խաչն օրհնել է քահանան:
Հիշեցնենք, որ 2019 թվականի հուլիսի 6-ին, Արարատ քաղաքի Զոդի կամրջի վրա, միմյանց են բախվել «ԳԱԶԵԼ», «Տոյոտա Հիլուքս» եւ «ՎԱԶ 21063» մակնիշի ավտոմեքենաները, որի արդյունքում հրդեհ է բռնկվել «ԳԱԶԵԼ» մակնիշի ավտոմեքենայում, այնուհետեւ հրդեհը տարածվել է «Տոյոտա Հիլուքս» մակնիշի եւ «ՎԱԶ 21063» մակնիշի ավտոմեքենաներում:
«Տոյոտա Հիլուքս» մակնիշի ավտոմեքենայի վարորդ Սողոմոն Հակոբյանին մեղադրանք է առաջադրվել ՔՕ 242-րդ հոդվածի 3-րդ մասով (ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները կամ ճանապարհային երթեւեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի մարդու մահ):
Ըստ մեղադրական եզրակացության՝ Սողոմոն Հակոբյանը խախտել է ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները եւ ճանապարհային երթեւեկության կանոնները, որն անուշադրությամբ առաջացրել է 7 մարդու մահ, եւ 4 մարդու առողջությանը պատճառվել է ծանրության եւ ծանր մարմնական վնասվածքներ։
Վթարի գործով դատական նիստեր են դեռ ընթանում:.
Կարծիքներ