Իրանը չի շտապելու Իսրայելին հարվածելու հարցում
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հայտարարել է, որ Իրանը չի շտապելու հարվածել Իսրայելին՝ ի պատասխան ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի նախագահ Իսմայիլ Հանիեի սպանության: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին հայտնում է իրանական Mehr գործակալությունը: «Ժամանակը մեր կողմն է»,- հայտարարել է ԻՀՊԿ ներկայացուցիչ Ալի Մոհամմադ Նաինին:
Նա չի բացառել, որ Իրանի պատասխան գործողությունները կտարբերվեն Իսրայելի դեմ գործողություններում նախկինում կիրառված մեթոդներից: Նաինին ընդգծել է նաև, որ շատ կարևոր է, որպեսզի Իսրայելի ղեկավարությունը չկարողանա կռահել, թե հատկապես ինչպես են իրանցի զինվորականներն արձագանքելու Հանիեի սպանությանը:
Մերձավոր Արևելքում իրավիճակը կտրուկ սրվեց հուլիսի վերջին Թեհրանում ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի նախագահ Իսմայիլ Հանիեի և Բեյրութում «Հեզբոլլահ»-ի հրամանատարներից Ֆուադ Շուքրայի սպանություններից հետո։
Իրանը և «Հեզբոլլահ»-ը խոստացել են վրեժխնդիր լինել նրանց մահվան համար: Իսրայելական կողմը չի հաստատել, բայց չի էլ հերքել, որ հենց ինքն է կազմակերպել Հանիեի սպանությունը։
Կարծիքներ