Մադոննայի առողջության վերաբերյալ տարբեր տեղեկություններ են հայտնվել հիվանդանոցից նրա դուրս գրվելուց հետո
Ամերիկացի երգչուհի Մադոննան (իսկական անունը՝ Մադոննա Լուիզա Չիկոնե), որն օրերս դուրս է գրվել հիվանդանոցից բակտերիալ վարակի դեմ բուժվելուց հետո, առաջվա պես իրեն վատ է զգում և վեր չի կենում անկողնուց։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդել է TMZ հարթակը՝ վկայակոչելով երգչուհուն մոտ գտնվող անձանց։
Ըստ աղբյուրի՝ 64-ամյա Մադոննան, որը գտնվում է Նյու Յորքի իր տանը, դեռևս տանջվում է սրտխառնոցի նոպաներից։
Իր հերթին BBC-ն, հղում անելով երգչուհու մենեջերին, հաղորդել է, որ ինտենսիվ թերապիայի բաժանմունքում մի քանի օր անցկացնելուց և հիվանդանոցից դուրս գրվելուց հետո Մադոննան իրեն լավ է զգում։
64-ամյա երգչուհին պետք է 7 ամիս տևող համաշխարհային համերգային շրջագայության մեկներ 2 շաբաթից, սակայն, գուցե, ստիպված լինի հետաձգել իր պլանները։ Դա պետք է լինի նրա 12-րդ համերգային շրջագայությունը և նշանավորի երաժշտական ասպարեզում նրա 40-ամյա հոբելյանը։
Չնայած հիվանդության պատճառով թուլությանը, երգչուհին ցանկանում է սկսել իր հոբելյանական շրջագայությունը պլանավորված ժամկետներում, սակայն նրա մենեջեր Գայ Օզրին ուսումնասիրում է առաջին համերգը հետաձգելու տարբերակները։ Այս հարցի վերաբերյալ վերջնական որոշում առայժմ չի ընդունվել։
Ըստ ամերիկյան Forbes հանդեսի՝ Մադոննան ԱՄՆ-ի 45-րդ ամենահարուստ կինն է, որը կայացել է իր ուժերով։ Նրա կարողությունը գնահատվում է 580 մլն դոլար։
Կարծիքներ