Շուրջ 293 սիրիացի վարձկաններ են սպանվել Լեռնային Ղարաբաղում. Մարդու իրավունքների սիրիական դիտորդական կենտրոն
Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների ավարտին զուգահեռ թուրքական կառավարությունը դադարեցրել է թրքամետ սիրիական խմբավորումներից վարձկանների ուղարկել Ադրբեջան՝ կռվելու ադրբեջանական ուժերի կողմից: Այս մասին հայտնում է Մարդու իրավունքների սիրիական դիտորդական կենտրոնը (SOHR):
Ինչպես հայտնում է կենտրոնը, միևնույն ժամանակç ռազմական գործողությունները դադարեցվել են նաև Լիբիայում, որտեղից ևս սիրիացի վարձկանները վերադառնում են հայրենիք: «Այժմ հարց է առաջանում՝ արդյոք թուրքական կառավարությունը կդադարի օգտագործել սիրիացի վարձկաններին սեփական շահերին ծառայեցնելու համար տարածաշրջանում և միջազգային ասպարեզում, թե՞ կտեղափոխի նրանց այլ աշխարհագրական տարածք»,- ասվում է կենտրոնիի հայտարարության մեջ:
Կենտրոնի մասնագետները վավերագրել են սիրիացի վարձկանների շրջանում գրանցված մահվան դեպքերը: Նրանց տվյալներով՝ առնվազն 789 թրքամետ սիրիացի գրոհային է սպանվել Լիբիայում և Լեռնային Ղարաբաղում ընթացող մարտերի ժամանակ: Նրանցից 496-ը սպանվել է Լիբիայում, 293-ը՝ Ղարաբաղում, մինչդեռ հարյուրավորները վիրավոր են:
Ըստ կենտրոնի վիճակագրության՝ թուրքերի կողմից հավաքագրված վարձկաններից Լիբիա է ուղարկվել մոտ 18 000-ը, որոնց թվում՝ 350 անչափահասներ: Նրանցից 10 750-ը վերադարձել են Սիրիա:
Ադրբեջան ուղարկված վարձկանների թիվը հասնում է 2580-ի, որոնցից 342-ը վերադարձել է Սիրիա՝ հրաժարվելով ամեն ինչից, այդ թվում ֆինանսական հասույթից:
Կարծիքներ