ՀՀ օրհներգը կատարվում էր աղավաղված տարբերակներով, անորակ ձայնագրություններով, նոր տարբերակ կլինի. Դանիելյան
ՀՀ օրհներգը մինչ այժմ կատարվում էր աղավաղված տարբերակներով, անորակ ձայնագրություններով և տարբեր տեսակի մեկնաբանություններով:
Լրագրողների հետ զրույցում այս մասին ասել է ԿԳՄՍ փոխնախարար Դանիել Դանիելյանը՝ նշելով, որ առաջարկվող փոփոխությամբ կունենանք օրհներգի մեկ միասնական տարբերակ, որը կօգտագործվի բոլոր միջոցառումներին՝ որակյալ ձայնագրություններով և ճշգրիտ կատարումներով:
Արդյո՞ք օրհներգից հատված է հեռացվել: Փոխնախարարն ասել է, որ ոչ մի բան չի հանվել տեսքստից:
«Ամբողջական տեքստը, որը կար 2006 թվականի տարբերակում, ամբողջությամբ մնացել է, տների տեղափոխություն է տեղի ունեցել։ Հիմնը պետք է ունենա իր դինամիկան, որպեսզի տրամաբանական զարգացում կատարվի։ Առաջին տան մեջ մենք խոսում ենք հայրենիք-պետության մասին, երկրորդում՝ ազատության փիլիսոփայության մասին, երրորդում՝ պետականության մյուս կարևոր նշանի՝ դրոշի մասին, և այն վերջացնում ենք ուղերձով՝ «թող միշտ պանծա Հայաստան», որն ուղերձ է այսօրվա քաղաքացուն»,- ասել է Դանիելյանը
Դիտարկմանը, թե հեղինակային ստեղծագործությունը փոփոխելու իրավասություն ունեն՝ Դանիելյանը պատասխանել է.
«Միքայել Նալբանդյանը գրել է «Իտալացի աղջկա երգը», որն ուրիշ տրամաբանությամբ և ուրիշ ակնկալիքներով է եղել։ Իսկ հիմա մենք խոսում ենք պետական օրհներգի մասին»։
Կարծիքներ