Արմավիրի մարզի Բաղրամյան համայնքում «Արմաթ» ինժեներական լաբորատորիա է բացվել
ՀՀ Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանն այսօր այցելել է Բաղրամյան համայնքի միջնակարգ դպրոց, որտեղ Աշխատանքի և սոցիալական հարցերով նախարար Նարեկ Մկրտչյանի, Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ) գործադիր տնօրեն Րաֆֆի Քասարջյանի, ԱՏՁՄ անդամների, մեծաթիվ բաղրամյանցիների և հյուրերի հետ մասնակցել է «Արմաթ» ինժեներական լաբորատորիայի բացմանը:
Այս մասին տեղեկացնում է Արմավիրի մարզպետարանի ֆեյսբուքյան էջը:
Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված բաղրամյանցի Խաչատուր Պողոսյանի, Գրիգոր Հովսեփյանի, Նարեկ Ղարիբյանի և Թեյմուրազ Մակոյանի անունը կրող ինժեներական լաբորատորիան հիմնադրվել է Րաֆֆի Դեր Մարտիրոսյան և ԱՏՁՄ կողմից: Նորաբաց լաբորատորիայում Բաղրամյան և հարակից համայնքների դպրոցականներն անվճար ձեռք կբերեն ինժեներական գիտելիքներ և կտիրապետեն ծրագրավորման հիմունքներին:
Նրանք բացառիկ հնարավորութուն կստանան մասնակցելու մասնագիտական և գործարար միջոցառումների, ծանոթանալու ցանցի մյուս դպրոցականների հետ և համատեղ աշխատանքի արդյունքում նորարար գաղափարներ իրագործելու:
Ողջունելով ներկաներին՝ մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանը շնորհավորել է տնօրինությանն ու աշակերտներին կրթօջախում տեղեկատվական, տեխնոլոգիական հնարավորությունների ներդրման կապակցությամբ՝ ընդգծելով լաբորատորիայի կարևորությունը և հատկապես այն հանգամանքը, որ կենտրոնը կրելու է Բաղրամյան համայնքից 44-օրյա պատերազմում զոհված 4 հերոսների անունը:
«Մի պահ տղաների հայացքի ներքո ես զգացի, որ մենք ունենք մեր սերունդներին կրթելու մեծ ներուժ ու հնարավորություններ: Եվ մեր սերունդները պետք է հենց կրթությամբ ու գիտելիքներով հաղթահարեն մեզ ուղղված հետագա մարտահրավերները և այդկերպ փորձեն արժանին մատուցել մեր հերոսների հիշատակին»,-ամփոփելովիր խոսքը, նշել է մարզպետը:
«Արմաթ» լաբորատորիաները գործում են Հայաստանի, Արցախի, Ախալքալակի տարածքում: Այժմ «Արմաթ»-ի խմբակ-լաբորատորիաների թիվը 602-ն է, որից 17-ն՝ Արմավիրի մարզում:
Կարծիքներ