Նախագահը ցուցադրաբար խախտել է Սահմանադրությունը Եվրոպա կատարած այցով. Վրաստանի վարչապետ
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին ցուցադրաբար խախտել է Սահմանադրությունը ՝ չհամաձայնեցված այցեր կատարելով եվրոպական երկրներ, ինչից հետո իշխանությունները իմպիչմենտի գործընթաց են սկսել:
Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հայտարարությունը:
«Կցանկանայի մի քանի բառով մեկնաբանել տիկին նախագահի որոշումը: Նա, ցավոք, հաշվի չի առել կառավարության կողմից ուղարկված մերժումը և ցուցադրաբար խախտել է Սահմանադրությունը: Հիշեցնեմ, որ Սահմանադրությամբ ներքին և արտաքին քաղաքականությունը որոշում Է Վրաստանի կառավարությունը», - ասել Է Ղարիբաշվիլին կառավարության նիստում:
Վարչապետը նաև պարզաբանել է, թե ինչով էր պայմանավորված նախագահի՝ ԵՄ երկրներ այցերի իր մերժումը: Ղարիբաշվիլին հիշեցրել է ամիսներ առաջ խորհրդարանական ամբիոնից Զուրաբիշվիլիի խոսքերն այն մասին, որ Վրաստանն արժանի չէր անցյալ տարի ԵՄ անդամի թեկնածուի կարգավիճակին: «Դրանից հետո մեզ այլ ապացույցներ պետք չէին, որպեսզի կորցնենք վստահությունը նախագահի նկատմամբ», - ընդգծել է կառավարության ղեկավարը:
«Շատ ցավալի է, որ Վրաստանի նախագահը ցուցադրաբար խախտում է օրենքը: Մենք պետք է օրինակ ծառայենք, լինենք հիմնական օրենքի պաշտպան: Այդ պատճառով իշխող կուսակցության կայացրած որոշումը բացարձակապես արդարացված էր», - հավելել Է Ղարիբաշվիլին:
Իշխող «Վրացական երազանք-Ժողովրդավարական Վրաստան» կուսակցությունը սեպտեմբերի 1-ին հայտարարել է նախագահի նկատմամբ իմփիչմենթի ընթացակարգի մեկնարկի մասին: Պատճառը եղել է նրա այցը Եվրոպա՝ ԵՄ երկրների ղեկավարների հետ հանդիպելու համար, որը կառավարությունը մերժել է: Այսպիսով, Զուրաբիշվիլին խախտել է Սահմանադրությունը, որի համաձայն նախագահը արտաքին քաղաքականության մեջ ներկայացուցչական գործառույթներ կարող է իրականացնել միայն կառավարության համաձայնությամբ:
Նախագահին հեռացնելու համար անհրաժեշտ է պատգամավորների ձայների 2/3-ը, այսինքն՝ 150-ից 100-ը: Խորհրդարանական մեծամասնությունն ունի 84 ձայն, իմպիչմենտին աջակցելու մասին հայտարարել են նաև «Եվրոպական սոցիալիստներ»-ի 4 պատգամավոր:
Կարծիքներ