Պաշտպանության նախարարության նախաձեռնությամբ անցկացվել է «Փակ շղթա-2023» տեղեկատվական վարժանքը
Օգոստոսի 22-23-ը ՀՀ պաշտպանության նախարարության նախաձեռնությամբ անցկացվել է «Փակ շղթա-2023» տեղեկատվական վարժանքը՝ գործնական և տեսական փուլերով։
Այս մասին հայտնում են ՊՆտեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից՝ նշելով, որ վարժանքի անմիջական գործող մասնակիցները պաշտպանության նախարարությունում հավատարմագրված ԶԼՄ ներկայացուցիչներն էին։
Նրանց հետ, ըստ խաղարկային սցենարի և զարգացումների, ակտիվորեն փոխգործակցել են տեղական ինքնակառավարման մարմինների, ՊՆ ՌՈ և ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության տարածքային ստորաբաժանումները։
ԶԼՄ ներկայացուցիչներն ստացել են հուշաթերթիկ, սաղավարտ, զրահաբաճկոն և մեկնել առաջադրանքի կատարման վայր՝ մարտական հենակետեր և սահմանամերձ համայնքներ, իսկ նրանց աշխատանքի ընթացքին տեղեկատվական կենտրոնից հետևել ու վերահսկել են ՊՆ և ԶՈՒ համապատասխան ոլորտների պատասխանատու սպաներն ու մասնագետները։
Օրվա ավարտին խաղարկային իրավիճակների վերաբերյալ պատրաստվել են ռեպորտաժներ և հոդվածներ։
Տեղեկատվական անվտանգության կանոնների պահպանման և գաղտնիության ռեժիմի նկատառումներով պայմանավորված` բացազատված տեղեկատվական կենտրոնում կատարվել է պատրաստված նյութերի նախնական ստուգում:
Վարժանքի նպատակներն էին ճգնաժամային իրավիճակներում պաշտպանության նախարարության, ԶԼՄ-ների, տեղական ինքնակառավարման մարմինների, ՊՆ ՌՈ և ՆԳՆ ոստիկանության փոխգործակցության մակարդակի բարձրացումը, տեղեկատվական միասնական միջավայրի ստեղծումը և հանրային իրազեկման գործընթացի պատշաճ կազմակերպումը։
Վարժանքի ավարտին ՊՆ վարչական համալիրում կատարվել է արդյունքների ամփոփում:
Կարծիքներ