Նախադպրոցական համակարգում համընդհանուր ներառականության ներդրմանը միտված օրենսդրական փոփոխություններ
ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը հունիսի 6-ի նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկել է «Նախադպրոցական կրթության մասին» ՀՀ օրենքի փոփոխությունների փաթեթը:
Նախաձեռնության ընդունմամբ ակնկալվում է կարգավորել նախադպրոցական կրթական աստիճանում կրթության և զարգացման առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների կրթության կազմակերպման հետ առնչվող հարցերը, ինչպես նաև մանկավարժահոգեբանական աջակցության ծառայությունների տրամադրումը:
Նախադպրոցական ուսումնական հաստատությունների խմբերի և հաստիքների թվով պայմանավորված, մանկավարժական աշխատողների թվի տարբեր լինելու հանգամանքը հաշվի առնելով, առաջարկվում է հստակեցնել նաև պարտադիր վերապատրաստման ժամանակահատվածը: Նախատեսվում է նաև հավասար պայմաններ ստեղծել համայնքային նախադպրոցական ուսումնական հաստատությունների տնօրենների պաշտոնավարման հարցում: Իրականացված վերլուծության համաձայն տնօրենների շուրջ 65 տոկոսը պաշտոնավարում է անորոշ ժամկետով կնքված պայմանագրերի հիման վրա, ինչն անհավասար պայմաններ է ստեղծում համակարգում:
Առաջարկվում է վերանայել նախադպրոցական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի՝ հավաստագրի ստացմանը նախորդող պարտադիր վերապատրաստման պահանջը:
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը հայտնել է, որ առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո նախագծում կատարվել են խմբագրական փոփոխություններ:
Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել նախագծին։
ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նույն օրվա նիստի օրակարգում ներառված էր նաև ««Կինեմատոգրաֆիայի մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը․որի քննարկումը հետաձգվել է լրամշակման նպատակով ։
Կարծիքներ