Սերյոժա Բարսեղյանն ու Ժորա Գրիգորյանը՝ ծանրամարտի Եվրոպայի պատանեկան առաջնության հաղթողներ

Սերյոժա Բարսեղյանն ու Ժորա Գրիգորյանը՝ ծանրամարտի Եվրոպայի պատանեկան առաջնության հաղթողներ

Հայ պատանի ծանրորդները շարունակում են հաջող ելույթները Մոլդովայի մայրաքաղաք Քիշնևում ընթացող Եվրոպայի Մ15 և Մ17 տարեկանների առաջնությունում:

 

Ինչպես տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից՝ մինչև 17 տարեկանների պայքարում աշխարհի գործող չեմպիոն Սերյոժա Բարսեղյանը հաղթողի կոչումը նվաճել է նաև Եվրոպայի պատանեկան առաջնությունում: Բարսեղյանը ոսկե մեդալ է նվաճել երկամարտի 278 կգ (131+147) արդյունքով՝ պոկում և հրում վարժություններում ևս արժանանալով փոքր ոսկե մեդալների:

 

Եվրոպայի պատանեկան առաջնության հաղթողի տիտղոսը նվաճել է նաև Ժորա Գրիգորյանը: Մինչև 17 տարեկանների պայքարում 61 կգ քաշային հայ ծանրորդը ոսկե մեդալ է նվաճել երկամարտի 244 կգ (109+135) արդյունքով: Պոկում վարժությունում Գրիգորյանը փոքր բրոնզե, իսկ հրում վարժությունում՝ փոքր ոսկե մեդալ է նվաճել:

 

Հայաստանի մյուս ներկայացուցիչ, 14-ամյա Յուղաբեր Ամրոյանը (40 կգ) բրոնզե մեդալ է նվաճել` երկամարտի 87 կգ (40+47) արդյունքով զբաղեցնելով երրորդ տեղը: Հրում վարժությունում Ամրոյանը նաև փոքր բրոնզե մեդալ է նվաճել:

 

Ավելի վաղ պատանեկան ԵԱ-ում բրոնզե մեդալակիր էր դարձել 49 կգ քաշային Կառլեն Դավթյանը:

 

Հայաստանի հավաքականի կազմում Եվրոպայի պատանեկան առաջնությանը մասնակցում են նաև Վոլոդյա Սարգսյանը (49 կգ), Սամվել Մարտիրոսյանը (61 կգ), Հովհաննես Ղահրամանյանը, Նարեկ Մկրտչյանը (երկուսն էլ՝ 81 կգ), Վալերիկ Մովսիսյանը (89 կգ), Աշոտ Մարգարյանը (96 կգ), Ռուստամ Սարդարյանը (102 կգ) և Գագիկ Մկրտչյանը (+102 կգ):

 

Աղջիկների թիմի կազմում ընդգրկված են Մերի Միսակյանը (64 կգ), Ալինա Սուքիասյանը (71 կգ), Աննա Ամրոյանը (76 կգ) և Էմմա Պողոսյանը (81 կգ):

 

Ծանրամարտի Եվրոպայի պատանեկան առաջնությունը կավարտվի հուլիսի 10-ին: ԵԱ-ի մրցավարական հանձնաժողովում ընդգրկված է նաև ծանրամարտի աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Նազիկ Ավդալյանը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում