ՌԴ ՊՆ-ն ինֆոգրաֆիկայի տեսքով ներկայացրել է ԼՂ-ում խաղաղապահների տեղակայման մասին տվյալները
Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը ինֆոգրաֆիկայի տեսքով ներկայացրել է նոյեմբերի 14-ի դրությամբ Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահների դիտակետերի տեղակայման մասին տվյալները: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ՌԴ ՊՆ-ի տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ նոյեմբերի 14-ին խաղաղապահ առաքելություն իրականացնելու նպատակով շփման գծի երկայնքով տեղակայվել է 12 դիտորդական կետ:
«Հարավ» պատասխանատվության գոտում ավարտվել է 9 դիտակետերի տեղակայումը: 15-րդ խաղաղապահ բրիգադի ստորաբաժանումները նոյեմբերի 13-ին պատասխանատվության այդ գոտում ևս հինգ դիտակետ էին տեղակայել:
«Հյուսիս» պատասխանատվության գոտում` Մարտակերտի շրջանում 15-րդ խաղաղապահ բրիգադի ստորաբաժանումները նոյեմբերի 13-ին 3 դիտակետ էին տեղակայել:
Նոյեմբերի 14-ին նախատեսվում է ավարտել այդ գոտում ևս 5 դիտակետերի տեղակայումը: Հրադադարի պահպանման ռեժիմը պահպանվում է շփման գծի ողջ երկայնքով»,- հայտնում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը:
Նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ստորագրել են համատեղ հայտարարություն Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունները դադարեցնելու հետ կապված: Պատերազմը դադարեցվել է նոյեմբերի 10-ին՝ ժամը 01:00-ից, ռուս խաղաղապահները մուտք են գործում Լեռնային Ղարաբաղ: Ընդհանուր առմամբ, նախատեսվում է ներգրավել 1960 ռուս զինծառայող, 90 զրահամեքենա, 380 միավոր ավտոմոբիլ և հատուկ տեխնիկա: Ռուսաստանի Դաշնության նախագահի 2020 թվականի նոյեմբերի 10-ի հրամանագրով Լեռնային Ղարաբաղում շարունակվում է տեղակայվել ռուսական խաղաղապահ զորակազմը:
Կարծիքներ