Ներկայացվել են Հյուսիս-հարավի Տրանշ 4-ի Սիսիան-Քաջարան հատվածի կառուցման մրցութային գործընթացի մանրամասները

Ներկայացվել են Հյուսիս-հարավի Տրանշ 4-ի Սիսիան-Քաջարան հատվածի կառուցման մրցութային գործընթացի մանրամասները

Ներկայացվել են Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Տրանշ 4-ի Սիսիան-Քաջարան հատվածի կառուցման մրցութային գործընթացի մանրամասները։ Տեղեկացնում է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը։

Շնորհանդեսին ներկա էին ՀՀ ճանապարհաշինության ոլորտի պատասխանատուներ, միջազգային և տեղական շինարարական կազմակերպությունների, Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների, դոնոր կազմակերպությունների ներկայացուցիչներ։ Շնորհանդեսի նպատակն էր ներկայացնել ծրագիրը, հնարավորինս մեծ թվով շինարարական և խորհրդատվական կազմակերպությունների տեղեկացնել Սիսիան-Քաջարան հատվածում ծրագրվող աշխատանքների մասին։

 Նշված հատվածում նախատեսվում է կառուցել II-րդ տեխնիկական կարգի շուրջ 60 կմ ընդհանուր երկարությամբ նոր ճանապարհահատված, այդ թվում՝ 4.7 կմ ընդհանուր երկարությամբ 27 կամուրջներ և 12.5 կմ ընդհանուր երկարությամբ 9 թունելներ (այդ թվում՝ Բարգուշատի թունելը, որի երկարությունը կկազմի շուրջ 8.7 կմ):

ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը, խոսելով ծրագրի կարևորության մասին, նշել է, որ յուրաքանչյուր երկրի համար ենթակառուցվածքների զարգացումը տնտեսության կայուն և դինամիկ զարգացման նախադրյալներից է։ «Ճանապարհային ոլորտը կարևորագույն ուղղություններից է, որի միջոցով հնարավոր է դրական ազդեցություն ունենալ տնտեսության տարբեր ճյուղերի վրա՝ խթանելով արդյունաբերությունը, առևտուրը, սոցիալական հարաբերությունները, տարատեսակ ծառայությունների մատուցումը և այլն։ Հայաստանի տրանսպորտային համակարգի կարևորագույն խնդիրներից է երկրի ճանապարհատրանսպորտային ենթակառուցվածքների գործունեության արդյունավետության բարձրացումը, ինչպես նաև՝ անվտանգ տրանսպորտային ծառայությունների ապահովումը: Ասվածի համատեքստում կարող եմ նշել, որ Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքը կարևորագույն ռազմավարական ծրագրերից է, որը միտված է լինելու ապահովելու Հայաստանի տրանսպորտային համակարգի միջազգային ինտեգրումը»,- ընդգծել է Քրիստինե Ղալեչյանը:

«Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ի գլխավոր տնօրեն Ստեփան Մաչյանը շեշտել է Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի կարևորությունը Հայաստանի և տարածաշրջանի համար։ Նա ընդգծել է, որ Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագիրը կարևոր ազդեցություն է ունենալու Հայաստանի ճանապարհային ցանցի վրա։ Պարոն Մաչյանը ներկայացրել է Հյուսիս-հարավ ծրագրի ընթացքը, իրականացված և այժմ տարվող աշխատանքները։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում