ՆԳՆ ՓԾ Լոռու մարզային փրկարարական վարչությունում համալիր ստուգումներ են անցկացվում
Համաձայն ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ, փ/ծ գնդապետ Կամո Ցուցուլյանի 2023 թվականի հուլիսի 12-ի հրամանի՝ ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության տնօրենի տեղակալ, փ/ծ գնդապետ Եգոր Կարապետյանի գլխավորությամբ ստեղծված աշխատանքային խումբը հուլիսի 18-ից 21-ը Լոռու մարզային փրկարարական վարչությունում և ենթակա ստորաբաժանումներում իրականացնում է մեթոդական, մասնագիտական օգնության ցուցաբերում և համալիր ստուգումներ:
Ինչպես տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, աշխատանքային խմբում ընդգրկված են ՓԾ կառուցվածքային բոլոր ստորաբաժանումների համապատասխան մասնագետներ, ովքեր ըստ ուղղությունների մեթոդական օժանդակություն կցուցաբերեն մարզային փրկարարական վարչության աշխատակիցներին, միաժամանակ համալիր ստուգումների արդյունքում ի հայտ եկած խնդիրներին տեղում կփորձեն տալ իրավիճակային լուծումներ և մասնագիտական խորհուրդներ՝ գործունեության բարելավման ուղղությամբ։
«Հուլիսի 18-ին մեկնարկը տրվեց մարզային փրկարարական վարչության տարածքում, որտեղ տնօրենի տեղակալը մարզային փրկարարական վարչության և հրշեջ-փրկարարական ջոկատների անձնակազմի հետ անցկացրեց շարային ստուգատես։
Շարային ստուգատեսին ներկա էր վարչության ենթակա 7 ստորաբաժանումների անձնակազմը՝ 140 ծառայող և 10 միավոր հրշեջ-փրկարարական տեխնիկա։
Լոռու ՄՓՎ պետ, փ/ծ գնդապետ Ս․Գաբրիելյանի ստուգատեսին պատրաստ լինելու վերաբերյալ զեկուցին հաջորդեց առկա գույք-սարքավորումների ու տեխնիկայի, հրշեջ մեքենաների մարտական վիճակի ստուգման գործընթացը։ Մարտական հաշվարկներին հանձնարարվեց իրականացնել ստուգողական բացազատումներ (ավտոսանդուղք, ավտոբաք և փրկարարական առաջին օգնության տեխնիկա)»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Ըստ աղբյուրի՝ միաժամանակ իրականացվել են ծառայողների արտաքին տեսքի, ընդհանուր պատրաստվածության, ծառայողական վկայականների, վարորդական իրավունքների առկայության ստուգման աշխատանքներ։
Օրվա ավարտին փ/ծ գնդապետ Եգոր Կարապետյանը աշխատանքային խմբի անդամներին հանձնարարել է շարունակել աշխատանքները նաև ենթակա ստորաբաժանումներում՝ առկա խնդիրների հայտնաբերման, թերությունների շտկման և մեթոդական օգնություն ցուցաբերելու նպատակով:
Կարծիքներ