«ՀՀ վարչապետի գավաթ» սիրողական խճուղավազքի մրցաշար. հաղթողների տասնյակը
Փարաքար-Էջմիածին մայրուղում նոյեմբերի 4-ին, ինչպես ավելի վաղ հայտնել էինք, անցկացվել է «ՀՀ վարչապետի գավաթ» սիրողական խճուղավազքի մրցաշարը, որին 3 տարիքային խմբով և առանձին գործող աթլետ մարզիկների խմբով շուրջ 2000 հոգի է մասնակցել:
13-17 տարեկան դպրոցական տղաների մրցապայքարում հաղթողի կոչումը նվաճել է Վանիկ Մանդոլյանը, երկրորդ տեղը զբաղեցրել է Սամվել Մարուքյանը, իսկ լավագույն եռյակը եզրափակել է Գառնիկ Սարգսյանը: Աղջիկների մրցապայքարում լավագույն արդյունքը ցույց է տվել Մարի Սարգսյանը՝ Գյումրիից, 2-րդ տեղը զբաղեցրել է Անի Ներսիսյանը՝ Լեռնային Ղարաբաղից, որը բնակվում է Վանաձորում, իսկ երրորդ տեղը գրավել է Անահիտ Մարգարյանը՝ Աշոցքից:
18-40 տարեկան կանանց պայքարում հաղթողի կոչումը նվաճել և 1 մլն դրամ մրցանակին արժանացել է Կատյա Գալստյանը, որը ներկայացրել է Գյումրի քաղաքը: Երկրորդ տեղը զբաղեցրել է Սառա Ստայցը, իսկ լավագույն եռյակը եզրափակել է Իրինա Պողոսյանը: 18-ից 40 տարեկան տղամարդկանց պայքարում առաջին հորիզոնականը զբաղեցրել է Դմիտրի Կորոլևը: Երկրորդ տեղը զբաղեցրել է Սպարտակ Ոսկանյանը, իսկ լավագույն եռյակը եզրափակել է Միքայել Միքայելյանը:
41 տարեկանից բարձր տարիքային խմբի տղամարդկանց պայքարում հաղթող է ճանաչվել Գևորգ Թորոսյանը, երկրորդ տեղը զբաղեցրել է Վարդան Սաղյանը, իսկ երրորդ տեղը՝ Սամվել Հովհաննիսյանը: Նույն տարիքային խմբի կանանց մրցապայքարում հաղթողի կոչմանն արժանացել է Լիանա Հարությունյանը, երկրորդ տեղը զբաղեցրել է Քրիստինե Միկոյանը, իսկ լավագույն եռյակը եզրափակել է Քրիստինե Մուրադյանը:
Մրցաշարին առանձին խմբով մասնակցել են նաև աթլետիկայով զբաղվող ՀՀ քաղաքացիները՝ առանց տարիքային սահմանափակման: Կանանց պայքարում հաղթողի կոչմանն ու 1 մլն դրամ մրցանակին արժանացել է Էլլադա Ալավերդյանը՝ Վանաձորից: Երկրորդ տեղը զբաղեցրել է Լիլիթ Հարությունյանը՝ կրկին Վանաձորից, իսկ լավագույն եռյակը եզրափակել է Լիանա Մարտիրոսյանը՝ Կապանից: Տղաների պայքարում լավագույն արդյունքը ցույց է տվել վազորդ Երվանդ Մկրտչյանը, երկրորդ տեղը զբաղեցրել է Բալաբեկ Հարությունյանը, իսկ 3-րդ տեղը գրավել է Ռոման Ալեքսանյանը:
Հիշեցնենք՝ 1-ին տարիքային խմբի ներկայացուցիչների՝ 2006-2010 թթ. ծնված դպրոցականների համար մրցաշարը մեկնարկել էր «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանի տարածքից. նրանք վազել էին 4 կմ, իսկ 2-րդ և 3-րդ տարիքային խմբերի, ինչպես նաև առանձին գործող աթլետների խմբի ներկայացուցիչները մրցավազքը սկսել էին Փարաքարի համայնքապետարանին հարող տարածքից և հաղթահարել 10 կմ մրցատարածություն՝ դեպի Էջմիածնի հրապարակ:
Երեք տարիքային խմբերում և առանձին գործող աթլետների խմբերում առաջին տեղը զբաղեցրած մասնակիցը կստանա 1 մլն դրամ, երկրորդ տեղը՝ 500 հազար դրամ, 3-րդը՝ 300 հազար դրամ, 4-րդը՝ 100 հազար դրամ, 5-10-րդ տեղերը զբաղեցնողները կստանան 50 հազարական դրամ մրցանակ։
Կարծիքներ